‘Եգիպտոսում բանտարկել են ԱՄՆ-ի և Գերմանիայի ՀԿ-ների ակտիվիստներին’

975

Կահիրեի դատարանը տարբեր ժամկետների ազատազրկման է դատապարտել Freedom House-ի և այլ արտասահմանյան ոչ առևտրային կազմակերպությունների 43 ակտիվիստների՝ ԱՄՆ-ից և Գերմանիայից: Մեծ մասին, իհարկե, հնարավորություն է տրվել հեռանալ երկրից, և նրանց հեռակա են դատապարտել:

Ինչպես Եգիպտոսի մայրաքաղաքից հաղորդում են համաշխարհային լրատվական գործակալությունները, ՀԿ-ների աշխատակիցները, որոնց գրասենյակներն իշխանությունները խուզարկել և փակել  էին դեռ անցյալ տարի, ստացել են մեկ տարվա պայմանականից մինչև հինգ տարվա իրական կալանք: Իհարկե, առավելագույն՝ հնգամյա կալանքի են դատապարտվել հենց նրանք, ովքեր արդեն հեռացել են Եգիպտոսից: Նրանք ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նորվեգիայի, Սերբիայի և արաբական մի քանի երկրների քաղաքացիներ են:

Դատարանը նաև որոշել է վերջնականապես փակել Եգիպտոսում Freedom House-ի, ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի և Ազգային ժողովրդավարական ինստիտուտի ներկայացուցչությունները, ինչպես նաև՝ գերմանական Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը:

Անցյալ տարի եգիպտական իշխանությունները փակել են այդ ՀԿ-ների գրասենյակները՝ նրանց մեղադրելով այն բանում, որ նրանք աշխատել են ապօրինի կարգով, քանի որ թույտվությունն ստացել են տապալված նախագահ Մուբարաքից, այլ ոչ թե նոր իշխանություններից, ինչպես նաև՝ ապօրինաբար ֆինանսավորվել են արտասահմանից:

Քաղաքական գործիչներից ոմանք արտասահմանյան ՀԿ-ներին մեղադրել են երկրում անկարգություններ կազմակերպելու մեջ: ՀԿ-ները հերքում են բոլոր մեղադրանքները, հաղորդում է bbc.co.uk-ը:

Նախորդ հոդվածը‘Բարեփոխիչների ճամբարը միասնական թեկնածու կառաջադրի Իրանի նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց «բաց» մարզում. Տեսանյութ’