‘Եգիպտոսում կրկին զանգվածային հուզումներ են սկսվել’

860

Իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» շարժման ներակայացուցիչները հայտարարել են, որ շաբաթ օրը Կահիրեում անվտանգության ծառայության աշխատակիցների և ցուցարաների բախման ընթացքում զոհվել են իրենց 31 կողմնակիցներ, հաղորդում է Reuters գործակալությունը: «Մուսուլման եղբայրների» ներկայացուցչի խոսքերով՝ առնվազն 175 ցուցարար էլ հրազենային վնասվածք է ստացել: Reuters-ը նշում է, որ եգիպտական իշխանություններն առայժմ չեն հաստատում Կահիրեում տեղի ունեցած բախման վերաբերյալ տեղեկությունները:

Իսլամիստները Կահիրեում բողոքի անժամկետ ցույցեր են անում  հուլիսի 3-ից՝ զինվորականների կողմից իսլամիստ-նախագահ Մոհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու օրվանից: Ցուցարարները պահանջում են վերադարձնել իշխանությունը Մուրսիին, որին լրտեսության, պետական դավաճանության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցելու մեղադրանքներ են առաջադրվել, և չեղյալ հայտարարել նրա հեռացումից ի վեր ընդունված որոշումները, փոխանցում է ria.ru-ն:

Երեկ Թահրիրի հրապարակում ցույց են անցկացրել Մուրսիի հակառակորդները, ովքեր փողոց էին դուրս եկել պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս-Սիսիի՝ ահաբեկչության դեմ պայքարում բանակին սատարելու կոչով:

Եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ երկրի ուժային կառույցները կանխել են Սինայի թերակղզուց 400 գրոհայինների թափանցումը Կահիրե, որոնք ծրագրել էին հարձակումներ գործել բանակի կողմնակիցների և ռազմական օբյեկտների վրա: Գրոհայինների թվում եղել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ակտիվիստներ, «Ալ-Քաիդայի» անդամներ, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Եվրամիությունը եւ Չինաստանը պայմանավորվել են արեւային մարտկոցների գնի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Նոր Զելանդիայում մերժել են վիզա տալ մարդուն՝ իր քաշի պատճառով’