‘Եգիպտոսում նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները դարձյալ փողոց են դուրս եկել’

676

Եգիպտոսում մի քանի հազար իսլամիստներ դուրս են եկել Կահիրեի փողոցները և հանրահավաքներ  են անում ընդդեմ բռնություններով ուղեկցվող հակակառավարական ցույցերի, հաղորդում է Associated Press-ը: Միևնույն ժամանակ՝ ընդդիմությունը ոչ մեծ ցույց է անում քաղաքի փողոցներով՝ իշխանություններից պահանջելով պատասխանատվություն և արդարություն: Երիտասարդները պարզել են վերջին բախումների ժամանակ ոստիկանության կողմից սպանված ցուցարարների դիմանկարները:

Զուգահեռ անցկացվող հանրահավաքները արտացոլում են այն խորը տարաձայնությունը, որը պահպանվում է եգիպտական հասարակության մեջ՝ Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից երկու տարի անց:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին արմատական աստվածաբան և իսլամական «Ալ-Ազհար» համալսարանի պրոֆեսոր Մահմուդ Շաաբանը կրոնական «Ալ-Հազեֆ» հեռուստաալիքին տված հարցազրույցում կոչ էր արել սպանել այն քաղաքական կազմակերպությունների առաջնորդներին, ովքեր քննադատում են երկրի գործող նախագահ Մոհամադ Մուրսիին: Գլխավոր թիրախների ցանկում նա ընդգրկել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մոհամեդ Ալ-Բարադեիին և ձախակողմյան դաշինքի կողմից Եգիպտոսի նախագահի նախկին թեկնածու Համիդ Սաբահիին: Եգիպտոսի դատախազությունը պահանջել էր ձերբակալել Շաաբանին այդ կոչերի համար: Հիշեցնենք նաև, որ եգիպտական հեղափոխության երկամյակին ծայր առած անկարգությունները Պորտ Սաիդում, Սուեզում  և Իսմայիլիում երեք օրվա ընթացքում առնվազն 50 մարդու կյանք արժեցան, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլիստը խոստովանել է սեռական կողմնորոշումը եւ ավարտել կարիերան’
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. Սերժ Սարգսյանը շուրջ 1500 նախընտրական շտաբ ունի’