‘Եգիպտոսում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը. նախագահն արտակարգ իրավիճակ է հայտարարել’

756

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հունվարի 27-ին Պորտ-Սաիդի, Սուեզի և Իսմայիլիայի շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարել,  տեղեկացնում է France-Presse գործակալությունը:

Մուրսիի խոսքերով՝ արտակարգ իրավիճակը  և պարեկային ժամը կշարունակվեն մինչ փերտվարի վերջը:  Բացի այդ, նախագահը զգուշացրել է, որ անկարգությունների շարունակման դեպքում երկրի իշխանությունները պատրաստ են դիմել ավելի կոշտ միջոցների: Իր որոշումը մեկնաբանելով՝ Մուրսին, մասնավորապես, նշել է. «Ես միշտ ասել եմ, որ դեմ եմ ծայրահեղ միջոցներին, նաև նշել եմ, որ եթե հարկավոր լինի կանխել արյունահեղությունը և պաշտպանել մարդկանց, ես անհապաղ կգործեմ»:

Հիշեցնենք, որ վերջին երեք օրվա ընթացքում Եգիպտոսի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Ալեքսանդրիայում, Կահիրեում, Սուեզում և Պորտ-Սաիդում, անկարգություններով ուղեկցվող  բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Մուրսիի հրաժարականը՝ մեղադրելով նրան տրված խոստումների դրժման մեջ:

Reuters լրատվականի տվյալներով՝ բողոքի ցույցերի ընթացքում Եգիպտոսում նվազագույնը 45 մարդ է զոհվել:

Նախորդ հոդվածը‘Մեկ օր զորամասում (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Բալոտելին հրաժեշտ տվեց թիմակիցներին’