‘ Եգիպտոս. էլ-Բարադեյին վարչապետ նշանակելու լուրը հաստատվում եւ հերքվում է ‘

912

Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը հուլիսի 6-ի երեկոյան հերքել է մինչ այդ տարածված տեղեկատվությունը, որ Մոհամմեդ էլ-Բարադեյը դառնալու է երկրի ժամանակավոր վարչապետը: Հաղորդում է Reuters-ը:

Էլ-Բարադեյի նշանակումը հաստատել էին մի քանի ԶԼՄ-ներ, սակայն, կեսգիշերից քիչ անց նախագահի մամլո ծառայությունը լրագրողներին ասել է, որ վարչապետ իրակակնում չի նշանակվել:  

Հերքումը տարածվել է այն բանից հետո, երբ «Մուսուլման եղբայրներից» հետո մեծությամբ երկրորդ կուսակցությունը` «Նուրը», որը մինչ այդ աջակցում էր զինվորական ղեկավարության անցումային կառավարություն կազմելու պլաններին, հայտարարել է էլ-Բարադեյի նշանակման անընդունելիության մասին:

Իր հերթին, ռուսական РИА Новости-ն հղում կատարելով Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի մամլո ծառայությանը` հաղորդում է, որ ժամանակավոր վարչապետի նշանակման շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ որ չկա վերջնական որոշում:  

Լուրը, որ էլ-Բարադեյը նշանակվել է նոր վարչապետ հուլիսի 6-ի երեկոյան տարածել էր հանրային կոալիցիան, որը հասել էր նախագահ Մոհամմեդ Մուրսիի պաշտոնանկությանը: Ապա այդ լուրը հաստատել էին երկրի զինվորական ղեկավարության ներկայացուցիչները, եւ Եգիպտոսի պետական ալիքները:

Նախագահ Մոհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արվել հուլիսի 4-ի գիշերը: Իր հերթին, եգիպտացի հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչ Մահմուդ Համզան դիմել է երկրի դատախազություն, որտեղ նախկին նախագահ Մուրսիին եւ «Մուսուլման եղբայրներին» մեղադրել է պետական դավաճանության մեջ:

Մուհամեդ էլ-Բարադեյը եգիպտացի գիտնական է, դիվանագետ, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, ՄԱԳԱՏԵ-ի նախկին գլխավոր քարտուղարը: 

Նախորդ հոդվածը‘Մոլդովայի օմբուդսմենը գնահատել է Գրիգորիուի պահվածքը’
Հաջորդ հոդվածը‘Եկեղեցին տոնում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը’