‘Եզդիները Մանվել Բադեյանին առաջարկում են զուգարանի թղթով մաքրել բերանը’

1267

Մինչ Երեւանում տարբեր քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ հանրային միջոցառումներով նշում են Մարդու իրավունքների միջազգային օրը` ընդգծելով Հայաստանում ցանկացած քաղաքացու իրավունքների պաշտօպանության անհրաժեշտությունը, իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Մանվել Բադեյանը հանդես է եկել հերթական «մտքի գոհարով»` վիրավորելով միաժամանակ իր հետ զրուցող լրագրողներին ու ողջ եզդի համայնքը:

Ազգային ժողովում լրագրողները հարց են ուղղել Բադեյանին` արդյոք ճիշտ է համարում հայաստանյան հեռուստաեթերում ռուսալեզու «Ինչ, որտեղ, երբ» հաղորդման հեռարձակումը:

«Հմի էդ խաղի աշխատանքային լեզուն ռուսերենն ա, արա հո դուք գիժ չեք, արա: Կարո՞ղ ա մտածում եք՝ էդ խաղը խաղացող երեխեքը հայերեն չգիտեն, գիժ ե՞ք: Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում», — ըստ 7or.am-ի, ասել է հանրապետական պատգամավորը:

Հայաստանի եզդիների արձագանքը սպասել չի տվել: «Սինջար» միավորման մի քանի ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել Ազգային ժողովի դիմաց` պահանջելով ռասիստ պատգամավորին` ներողություն խնդրել վիրավորանքի համար: Ցուցարարները զուգարանի թուղթ են փոխանցել Մանվել Բադեյանին` խորհուրդ տալով դրանով մաքրել բերանը: Նրանց խոսքով, բերանը, որոնցով նորմալ մարդիկ խոսում են, Մանվել Բադեյանն այնպես է գործածում, որ դրանից հետո պետք է սրբել այն զուգարանի թղթով:    

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված երթ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Ինչու էր Նեմեց Ռուբոն Սպորտի նախարարությունում հայհոյում. Տեսանյութ’