‘Եզդիների հոգեւոր առաջնորդը զարմացած է, որ Հայաստանի ԱԺ-ում եզդիներ չկան ‘

1083

Եզդիները դարեր շարունակ պետականություն չունեն, բայց ունեն հոգեւոր առաջնորդ, որը միաժամանակ հանդիսանում է իրենց աշխարհիկ առաջնորդը, ով այս պահին Թախսին Բեկն է: News.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսին ասաց «Միդիա Սանգալ» Եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը`  ամփոփելով Եզդիների հոգեւոր առաջնորդ Թախսին Բեկի այցելությունը Հայաստան:

Նրա խոսքով, եզդիների հոգեւոր  նախկին առաջնորդը Իսմաիլ Բեկը, ով ներկա հոգեւոր առաջնորդի հոր հորեղբայրն է վերջին անգամ Հայաստան է այցելել 1909թ-ին: Ամո Շարոյանը  ասաց, որ Եզդիների հոգեւոր առաջնորդ Թախսին Բեկի հայաստանյան այցելության հիմնական նպատակը անմիջապես իր ժողովրդի հետ շփվելն էր եւ ծանոթանալն էր եզդիների սոցիալ տնտեսական վիճակին: Հոգեւոր առաջնորդը այցելության շրջանակներում եղել է Ծիծեռնակաբերդում: «1915թ. զոհերը անմեղ զոհեր են: Ավելին`  1915թ-ին մեր  հոգեւոր առաջնորդը հրովտակ է արձակել, որ  բոլոր Եզդիները ապաստան տան հայերին եւ քրիստոնյաներին»,- ընդգծեց Ամո Շարոյանը:  Իսկ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում  եզդիների սրբատեղի է բացվել: «Այն եզդին, որը չի հավատում մեր կրոնին, ուրեմն նա եզդի չի: Այս սրբատեղին Հայաստանում առաջինն է: Իրաքում 366 նման սրբատեղիներ կա: Մենք արեւապաշտ չենք, ինչպես ասում են: Մենք արեւագալ ենք, արեւածագն ենք ընդունում: Եզդիները այսպիսի մի խոսք ունեն, որտեղ, որ նստես արեւի ճառագայթին հայացքդ հառես եւ Աստված կանչես, ուրեմն այնտեղ Աստվածն է: Դրա համար մենք Արեւը դիտում ենք, որպես աշխարհի ստեղծման գրավական»,- ավելացրեց Ամո Շարոյանը:

«Միդիա Սանգալ» Եզդիների ազգային միավորման ՀԿ խորհրդի նախագահ տեղեկացրեց նաեւ, որ Մոսկվա կինոթատրոնում հոգեւոր առաջնորդը ընդունել է եզդի ներկայացուցիչներին եւ ֆիլմ է ցուցադրվել «Եզդիները արեւի զավակներ» խորագրով: Եզդիների հոգեւոր առաջնորդը հանդիպել է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի, դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Բոլոր հանդիպումներին մասնակցել է Իրաքի հայ համյանքի ղեկավար ատենապետ Պարույր Հակոբյանը, որը շատ ջերմ վերաբերունք է ունեցել Հոգեւոր առաջնորդի հանդեպ: Ի դեպ, Աժ-ում եզդիների հոգեւոր առաջնորդը իր զարմանքն է հայտնել, որ Հայաստանի ԱԺ-ում եզդի ժողովրդի ներկայացուցիչ չկա եւ ցանկություն հայտնել, որ հաջորդ այցելության ժամանակ ԱԺ-ում եզդի ժողովրդի ներկայացուցիչ կլինի: Վարչապետին եւս առաջարկել է, որ կառավարության սիստեմում եզդի ազգի ներկայացուցիչեր ընդգրկվեն: «Բեղմնավոր հանդիպումներից հետո մեր հոգեւոր առաջնորդը վերադարձավ Իրաք»,- ավելացրեց Ամո Շարոյանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Պետքարտուղարի եվրասիական հարցերով տեղակալը ժամանել է Բաքու ‘
Հաջորդ հոդվածը‘Վարչապետ. Աղքատության 30 տոկոսը վտանգավոր ցուցանիշ է Հայաստանի համար ‘