‘Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի’

1392

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր եւս գնահատում է միջին ծանրության։

Մասնագետները դրական են համարում, որ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։

Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում եւ այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։ Նույն օրը նրան վիրահատել է վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։ Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։

«Եթե առաջիկայում բարդություններ չլինեն, ապա ակնկալվում է, որ երիտասարդի տեսողությունը կվերականգնվի»,- հերթական զննումն կատարելուց հետո ասել է պրոֆեսոր Մալայանը։ Հետվիրահատական շրջանը եւս անցնում է հարթ։ Զինվորը շարունակում է մնալ մասնագետների մշտական հսկողության ներքո։

 

Նախորդ հոդվածը‘Հունիսի 21-ին ԱԺ-ն կքննարկի կառավարության ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Լոնդոնի բազմահարկում հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի’