‘Եթե Գալուստ Սահակյանը հեծանիվով գնար ԱԺ ‘

1675

Գալուստ Սահակյանը նորից փայլում է: Մտքի գոհարներ է շաղ տալիս: Այս անգամ արդեն՝ ի պատասխան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի այն հայտարարության, թե էժան լինելու համար ԱԺ-ի Toyota Camry մեքենաները կարող են գազով լիցքավորել:

Ի պատասխան՝ Սահակյանը հայտարարեց. «Դրանով դիվիդենտներ չի կարելի հավաքել, որովհետեւ քյասիբ մտածողությունը ծնում է քյասիբ պետություն: Մի պարագայում էլ ասում էին մեքենաների հարցը: Այսօրվա պարկն այնքան հնացած է, ամեն մի մեքենայի վրա ավելի է ծախսվում, քան մի նորմալ մեքենա ունենալ եւ մի 5 տարի ընդհանրապես սարքավորումներ գնելու կամ սարքելու խնդիրներ չունենալ: Իսկ ընդհանուր առմամբ, մենք պիտի պատշաճ ներկայանանք նաեւ միջազգային հանրությանը եւ մեր միջազգային գործընկերներին»:

Մասնագետներին թողնենք այն հարցը, թե ո՞րն է ավելի արդյունավետ` մեքենաները գազո՞վ, թե՞ բենզինով լիցքավորելը: Կարեւորը Սահակյանի այն միտքն է, թե «քյասիբ մտածողությունը ծնում է քյասիբ պետություն», եւ որ «մենք պիտի պատշաճ ներկայանանք նաեւ միջազգային հանրությանը եւ մեր միջազգային գործընկերներին»:

Քյասիբի պահը

Ուրեմն, Գալուստ Սահակյանը կարծում է, որ քյասիբ պետությունը քյասիբ մտածողության հետեւանք է: Պահո: Բա այդ դեպքում ինչո՞ւ է Հանրապետականների ղեկավարած երկիրն էս օրի: Բա ինչո՞ւ է աղքատների պաշտոնական թիվը հատել  33 տոկոսի սահմանը: Բա թոշակներն ու աշխատավարձերը ինչո՞ւ են այդքան ցածր: Սահակյանի տրամաբանությամբ՝ եթե իրենք հարուստի կամ, իրեն հասկանալի լեքսիկոնով ասած՝ աղայի մտածողությամբ են շարժվում, ինչո՞ւ է երկիրն ավելի ու ավելի աղքատանում: Եթե ոլորտներ էլ կան, որոնք աճ են արձանագրում, ապա միայն կոռուպցիան, արտագաղթն ու արտաքին պարտքը: Թե՞ Գալուստ Սահակյանը կողմ է աղայի մտածելակերպին, բայց միայն իշխանությունների պարագայում:

Միջազգային գործընկերների պահը

Սահակյանը սրտնեղում է, թե «մենք պիտի պատշաճ ներկայանանք նաեւ միջազգային հանրությանը եւ մեր միջազգային գործընկերներին»: Սահակյանի այս բլթ-ը լավագույնս ցույց է տալիս իշխանությունների մենթալիտետը: Դա այն է, երբ իշխանությունը չի կարեւորում, թե ժողովուրդն ինչ սոցիալական վիճակում է, թե երկրում տնտեսական վիճակն ինչպիսին է, թե պետությունն ինչով է ապրում ու շնչում, կարեւորը, որ իրենք միջազգային գործընկերների առաջ քյասիբի տեսքով չներկայանան, «կաստըմ-շըլվարները» թանկանոց լինի, «մաշնաները»՝ թանկանոց: Մի խոսքով, իշխանությունները շարժվում են ըստ ռուսական հայտնի ասացվածքի տրամաբանության` «դիմավորում են ըստ հագուստի, ճամփում` ըստ խելքի»: Բայց իշխանություններն առայժմ ի վիճակի են եղել յուրացնել միայն այս խոսքերի առաջին հատվածը: Շարունակությունը չեն կարողացել ընկալել՝ ինչպես երեւում է: Նրանք այդպես էլ չեն հասկացել, որ միջազգային հանրությունը իրենց ճոխ ավտոներին կամ շորերին չէ, որ նայում է: Իսկ եթե նայում էլ է` ապա միայն կոռուպցիոն կասկածների տեսանկյունից:

Իսկ եթե մի քիչ ավելի խորանանք, ապա իշխանությունների մոտ այս հարցում գավառական բարդույթներ էլ կգտնենք: Ինտելեկտուալ ոչ մի պոտենցիալ չունեցող, կյանքում մինչ այդ ոչինչ չունեցած ու ոչնչի չհասած մարդիկ, հատկապես՝ ծայրամասերից կենտրոն տեղափոխվածները, երբ իշխանություն կամ հարստություն են ունենում` սկսում են անգամ իրենց անցյալից վրեժ լուծել, շարունակում են գումարը դիտել որպես ինքնահաստատման միակ միջոց, եւ այդ իսկ պատճառով էլ անընդհատ փորձում են ունենալ ամենաթանկը, անենաճոխը, ամենաշքեղը եւ այլն: Դա մի, այսպես ասած, հիվանդություն է, որն այս պարագայում դժվար է բուժել: Երբ Լոնդոնի քաղաքապետը հեծանիվով է աշխատանքի գնում, նա չի դադարում լինել աշխարհի ամենաուժեղ երկրներից մեկի մայրաքաղաքի քաղաքապետը: Ֆինլանդիայի նախարարները եթե հեծանիվով են աշխատանքի գնում, դրանից իրենց, Սահակյանին հասկանալի լեզվով ասած՝ «պագոնները չեն ընկնում»:

Բայց դե Հայաստանի իշխանությունների դեպքն ուրիշ է: Երկիրը վարի են տալիս: Ջհանդամը: Կարեւորը` իրենք «աղայավարի» ապրեն: 

Հ.Գ. Մյուս կողմից էլ՝ պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե հանրապետականները որոշեն հեծանիվով ԱԺ գնալ: Սա այն դեպքը կլինի, որ եթե թանկանոց կոստյումներն ու ավտոները հանենք, տակը բան չի մնա: 

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն կմասնակցի վարչապետի կողմից հրավիրված նիստին ‘
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլիին դուրս են հրավիրում նախագահական նստավայրից ‘