‘Եթե դիպուկահարը չվրիպեր, Սերժ Սարգսյանը լինելու էր պարզապես շարքային թեկնածու. Մամուլ’

1476

Բավականին հետաքրքիր նյուանսներ են ի հայտ գալիս Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հնարավոր սցենարների մասով: Ըստ այդմ, եթե այնպես լիներ, որ դիպուկահարը չվրիպեր, ու մահափորձն ավարտվեր մահվան ելքով, և կամ Հայրիկյանի վիճակն այնքան ծանր լիներ, որ վերջինս որևէ կերպ չկարողանար շարունակել ընտրապայքարն ու ստիպված լիներ դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունները շարունակելու անհաղթահարելի խոչընդոտներ ի հայտ գալու հայցով, ապա նշանակվելու էին նոր ընտրություններ` 40-օրյա ժամկետում:

Վերջինիս էլ եթե գումարում ես անհրաժեշտ երկշաբաթյա ժամկետը, հետո՝ ՍԴ-ի կողմից հայցի քննման քառօրյա ժամկետը, ընդ որում կա նաև խնդիրը, թե երբ է թեկնածուն դիմել ՍԴ, ապա ստացվում է 60 օրից ավելի: Ասել է` այնքան ժամանակ, որում գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է՝ ապրիլի 9-ը: Այդ դեպքում արդեն ընտրությունների վերջին օրերին, ինչպես նաև բուն քվեարկության օրը, Սերժ Սարգսյանը լինելու էր պարզապես շարքային թեկնածու` իր բոլոր հետևանքներով հանդերձ: Իսկ այդ ընթացքում, մինչ նոր նախագահի ընտրվելը, նախագահի պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը:

Ասել է` իրականանալու էր Հովիկ Աբրահամյանի «մարգարեությունը», որ, «թեկուզ մի օրով, ինքն անպայման նախագահ է դառնալու»: Իսկ եթե գործընթացներն ընթանային այնպես, որ երկրորդ փուլ լիներ. չէ՞ որ նոր ընտրությունների ժամանակ լինելու էին նաև նոր թեկնածուներ, այլապես էլ ինչո՞ւ էին մահափորձն անում, ապա ուժերի հարաբերական բալանսը` վարչական ռեսուրսի նորովի կիրառմամբ, ընդհանրապես նոր քարտեզ էր գծելու: Այնպես որ, ըստ որոշ գնահատականների, մահափորձի սցենարը կարող է ավելի բազմաքայլ է եղել:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա` «Էպոսագետն» է դիմելու. Մամուլ’