‘Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարեն հիմնական քաղաքական ուժերը, ապա դա «հաղթող սցենար» կլինի. Լևոն Զուրաբյան’

1231

Նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուսումնասիրում է գալիք փետրվարի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Տեր-Պետրոսյանը շատ լուրջ պետք է քննարկի բոլոր գործոնները քաղաքական, բոլոր ռեսուրսները` մինչեւ կարողանա որոշում ընդունել այդ ուղղությամբ», — նշել է Զուրաբյանը` շարունակելով. — «Կարեւոր են այլ քաղաքական ուժերի մոտեցումները: Եվ այդ ամենը պետք է ճշտել. ե’ւ ներքաղաքական առումով մեր հարաբերությունները, ե’ւ արտաքին քաղաքական առումով մեր հարաբերությունները: Պետք է հասկանալ, թե ինչ նախադրյալներ կան նման որոշման ընդունման համար»:

Հարցին, թե որքանո՞վ առաջին նախագահի որոշման վրա կարող է ազդել այլ քաղաքական ուժերի հնարավոր աջակցությունը նախագահի ընտրություններում, Զուրաբյանը պատասխանել է. — «Դա բնական է: Ցանկացած լուրջ թեկնածու, գնահատելով իր շանսերը որեւէ ընտրություններում, նաեւ կատարում է իր դաշնակիցների ինվենտարիզացիա: Բանակցում է, փորձում է հասկանալ, թե ինչ կոնֆիգուրացիայով կանցնեն ընտրությունները»:

Զուրաբյանը հավելել է նաեւ, որ պաշտոնական բանակցություններ այդ հարցով առայժմ չեն ընթանում:

Կոնգրեսի ղեկավար ներկայացուցիչը նաեւ նշել է, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվի եւ նրան սատարեն հիմնական քաղաքական ուժերը, ապա դա «հաղթող սցենար» կլինի: Ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ այդ ուժերից «Բարգավաճ Հայաստան»-ը սատարի Տեր-Պետրոսյանին, Զուրաբյանն ասել է, թե այդ հարցը պետք է ուղղել «Բարգավաճ Հայաստան»-ին:

«Այսօր պետք է մտածել, թե ինչպես համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել նրան, որ ընտրություններով ընդհանրապես Հայաստանում իշխանություն փոխվի: Այսօր այդ ճանապարհը փակ է: Հանրապետական կուսակցությունը իրեն հավերժորեն կարգել է իշխող ուժի դիրքում: Ահա սա է, որ պետք է ջարդել: Եվ, կարծում եմ, այդ ուղղությամբ հնարավոր է համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հասկանում են այդ խնդրի կարեւորությունը», — նշել է Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Ձերբակալվել է ֆրանսիայի նախկին վարչապետը’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Ռուստամյան. Հայաստանում ժողովրդավարությունը խաթարված է վերից վար’