‘Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, արտահերթ նիստից չէր «թռնի» ‘

1343

Վաղը ԱԺ-ում պետք է գումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ-ում մեծամասնություն «ունեցող» ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, թե արտահերթ նիստ չի հաջողվի գումարել, քանի որ իրենք քվորում չեն ապահովի: Սա նշանակում է, որ իրեն լուրջ քաղաքական ուժ ներկայացնող կամ համարող կուսակցությունը առաջին դասարանցիներին հատուկ՝ մանր խուլիգանություն է անում դասարանում: Դասից փախչում են, որ դասը տապալվի:

Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ուղղակի ասելիք չունի: Ի վերջո, հանրապետականները կարող էին ներկայանալ նիստին, ապահովել քվորում և դեմ քվեարկել առաջարկությունների փաթեթին: Նախագիծն այդ դեպքում էլ չէր անցնի: Սակայն ստացվում է, որ ՀՀԿ-ի գերխնդիրը ոչ միայն այն է, որ թույլ չտան՝ այդ նախագիծը կյանքի կոչվի, այլ այն, որ այդ մասին անգամ քննարկում չլինի:

Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, հանրապետականները բաց ճակատով կգային խորհրդարան և կապացուցեին իրենց ճշմարտացիությունը:

Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, հենց իրենք բոլոր ջանքերը կգործադրեին, որպեսզի քվորում ապահովվեր:

Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, նրանք միայն կողջունեին այն հանգամանքը, որ 15 տարվա ընթացքում առաջին անգամ խորհրդարանական ոչ իշխանական ուժերին հաջողվել է արտահերթ նիստ հրավիրել: Գլուխ կգովեիին, որ դա «ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին» իրենց ձեռքբերումներից է:

Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, նրանք մինչև հիմա քիչ թե շատ տրամաբանված, փաստարկված և հիմնավորված կներկայացնեին իրենց հակափաստարկները:

Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, խնդիրը դեմագոգիայի դաշտ չէր տանի:

Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, արտահերթ նիստին այնպիսի «հակափաստարկներով» կգրոհեր ընդդիմությանը, որ հանրությունը կհամոզվեր, որ ՀՀԿ-ի խոսքերը խելքին մոտ են, որ հենց այդպես էլ պետք է անել:

Եթե ՀՀԿ-ն ասելիք ունենար, արտահերթ նիստից չէր «թռնի»:

Բայց քանի որ ՀՀԿ-ն ասելիք չունի, քանի որ ՀՀԿ-ն փաստարկների ու տրամաբանության դաշտում մեկ րոպեում կարող էր «կապիտուլյացիայի» ենթարկվել, խնդիրը տեղափոխվել է դեմագոգիայի, մանր խուլիգանությունների, քաղաքական ցինիզմի ու անլրջության դաշտ: Իհարկե, ՀՀԿ-ից հեռու չէ. փաստարկված խոսելու անունակ այս ուժը վաղը նիստից առաջ կարող է նաև գնդասեղներ տեղադրել ԱԺ դահլիճի բազկաթոռներին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:

Հասարակությունը հերթական անգամ տեսավ և համոզվեց, թե ինչ ասել է ՀՀԿ, և սա նախագահական ընտրություններից առաջ շատ լավ «նվեր» է հանրապետականներից` հանրությանը: Այսպիսի սև PR, ինչպիսին իրենք` հանրապետականներն արեցին իրենց համար, նույնիսկ իրենց ամենաթունդ հակառակորդները չէին կարողանալու անել: Այնպես որ, հանրությանն ու ընդդիմությանը մնում է միայն շնորհակալություն ասել ՀՀԿ-ին` այդ կուսակցության իրական դեմքը մինչև վերջ բացահայտելու հարցում իրենց օգնելու համար:

Հ.Գ. Ի դեպ, օրեր առաջ երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովը ԱԺ ամբիոնից ունեցած բոցաշունչ ելույթի ժամանակ հայտարարում էր, թե այդ ո՞վ ՀՀԿ-ից ավելի լավ գիտի ժողովրդի խնդիրները, ո՞վ է մտել ժողովրդի մեջ, եթե ոչ ՀՀԿ-ն, ո՞վ է բարձրացրել թոշակներն ու լուծել մարդկանց խնդիրները: ԽՍՀՄ տարիներին էլ ասում էին՝ «այսքան ուրախ կյանքը մեր՝ ընկեր Ստալինն է տվել»: Ափսոս, որ երիտհանրապետականները մի փոքր ուշ են լույս աշխարհ եկել: ԽՍՀՄ-ում նրանք ինչպիսի՜ պահանջված կադրեր կլինեին:

Պարգև Ապրեսյան

Կոլաժը՝ Մարկ Անտոնյանի

Նախորդ հոդվածը‘Ռուփերթ Մերդոքի բրիտանական թերթերի նախկին խմբագիրները մեղադրվել են պետպաշտոնյաներին կաշառելու համար’
Հաջորդ հոդվածը‘Թալանել են Գերմանիայի ֆինանսների նախարարին’