‘ Եթե ձեր խիղճը ձեզ չի դատապարտում, ուրեմն` արդա՛ր եք’

1916

«Եւ ցերեկը Եհովան ամպի սյունով

գնում էր նրանց առջեւից՝ ցույց տալով ճանապարհը,

իսկ գիշերը՝ կրակե սյունով, որ լույս տա նրանց,

որպեսզի կարողանան գնալ թե՛ ցերեկը, թե՛ գիշերը»:

Ելից 13։21, 22

 

Աստվածհայտնության եւ Սուրբ Ծննդի տոնը վաղուց արդեն ետեւում է, բայց հանրության շրջանում դեռ քննարկվում են սուրբծննդյան թափորն ու դրա գործող անձինք: Մասնավորապես՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, ովքեր Սերժ Սարգսյանին, նրա տիկնոջն ու Հայրապետին, պատարագից առաջ, ամպհովանիով ուղեկցեցին դեպի Մայր Տաճար:

Թե ինչ են խոսել, ինչպես բացատրել իրենց հանկարծակի ամպհովանիասիրությունն իրենք՝ Տիգրան Ներսիսյանն ու Արմեն Էլբակյանը՝ այնքան էլ կարեւոր չէ: Բայց կարեւոր է, որ նրանք զարմացա՛ծ են հանրային արձագանքից: Ընդ որում՝ այնքան  զարմացած, որ տնով-տեղով որոշել են տեղը տեղին դաս տալ այն մարդկանց, ում, իբր, իրենք ծառայել եւ ծառայում են իրենց արվեստով: Համենայն դեպս՝ ցայսօր այդպես էր ներկայացվում մի՛շտ:

Դե եթե այդպես է, հիմա, իհարկե, կարելի է պակասը լրացնել եւ այս ու հնարավոր մյուս դերակատարներին նաեւ հետագայի՛ համար բացատրել, որ իրականում զարմանալին հենց իրենց զարմանքն է:

Որ եթե նույնիսկ իրենց այնպես է թվացել, թե աստվածահաճո գործ են անում՝ հետաքրքիր զուգադիպությամբ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի արյան միջով իշխանության եկածների համար, գոնե հետին թվով պիտի միտք առնեին ու ըմբռնեին այն պարզունակ ճշմարտությունը, որ 2008-ից այս կողմ Վեհափառի հանդիսավոր լռության ներքո՝ հրապարակներում, բանտերում ու փողոցներում ծեծվող, արտագաղթող, օրվա հաց եւ արդարություն որոնող մեր քաղաքացիները պիտի՛ որ ներսիսյանա-էլբակյանական «սրբազան ցուցքից» վրդովվեին:

Իրենք իրենց մտավորական համարողները հարկ է՝ գիտակցեին, որ ամպհովանի բռնելու պատիվն ինքնին հանցանքի է վերածվում հենց այն պահին, երբ գիտակցում ես, որ այդ կերպ, Ավետարանի իսկ ուսուցմամբ, ծածկում եւ մասնակիցն ես դառնում ամբարշտության եւ բոլոր այն հանցանքների, որոնք, ակնհայտ են, վերագրվում են այդ անձանց:

…Մեր Լեւոն Խեչոյանը, ով իր հանդիմանող ներկայությամբ մի՛շտ էր մեր կողքին կանգնած Ազատության հրապարակում, ասում էր՝ Մտավորականը խղճի ձայնն է եւ լույսի ճանապարհով ընթացող զինվորը:

Ուրեմն, հարց է առաջանում. Տիգրան Ներսիսյանն ու իրականում բողոքական, ո՛չ Հայ առաքելական եկեղեցու զավակ Արմեն Էլբակյանը հիշու՞մ էին այս մասին, թե՞ մոռացել էին բոլոր մերժվածներիս, լռեցրել խղճի ձայնն ու կուրացել  այն պատվով, որ լուսավոր հրեշտակի կերպարանքն առած՝ գլորման վեմի նվաստացումն էր որպես ընծա բերում:

«Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն` ամպհովանին գործածվում է եկեղեցական մեծահանդես հայրապետական թափորների ժամանակ` իբրև Աստծո հովանու ներկայություն եւ առաջնորդություն: Այնպես, ինչպես աստվածաշնչյան ամպի սյունը, որը հրեա ժողովրդին եգիպտական գերությունից առաջնորդեց դեպի ավետյաց երկիր…»,- ի պատասխան մամուլի դիտարկումներին՝ պարզաբանել էր Վեհափառի մամլո խոսնակ Տեր քահանա Վահրամը:

Տեր Վահրամի հետ խնդիր չունեմ: Բայց խնդիր ունեմ ասվածի հետ:

Հետաքրքիր է՝ էլի մարդիկ կա՞ն, ովքեր այն կարծիքին են, թե  մեր ներկայիս պետական ու հոգեւոր ընթացքը մեզ հատկապես դեպի Ավետյաց երկիր է  տանում, եւ որ Տիրոջ ամպի ու կրակի սյունն Ի՛ր կամքով եւ օծությամբ քայլող Մովսեսին ու Հեսուին են ուղեկցում: Այսինքն՝ նաեւ մեզ:  

Եթե այո, խնդիր չկա, եւ մեր զրույցն էլ ավարտված է՝ դեռ չսկսված:

Եթե ոչ, քննարկենք, ուրեմն, թե ի՞նչ կարիք կա գայթակղության ջաղացի քարը կապել այս կամ այն արվեստագետի վզին՝ նրան հանրային մերժման ու դատապարտման արժանացնելով:

Վեհի սիրտն անպայման ամպհովանի՞ է ուզում տաղավար տոներին:

Լա՛վ է անում: Այդ դեպքում ինքներդ, նկատի ունեմ՝ եկեղեցականնե՛րդ ուղեկցեք նրան ու ձեր նախագահին: Որովհետեւ, հայտնի՛ է. այս մարդիկ ինչի եւ ում ձեռք են զարկում, փչացնում են: Սա՛ է ճշմարտությունը…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Հանցավոր խմբավորման անդամները սպանել են ոստիկանության ավագ քննիչին’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովն ու Մարկոս Պիզելին կարող են պայմանագիր կնքել «Ակտոբեի» հետ’