‘Եթե մոգերը ենթարկվեին Հերովդեսի կամքին’

2254

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայաստանյան լրատվամիջոցներում վերջին օրերին Սուրբ Ծնունդի առիթով ամենաքննարկված անձինք դերասաններ Տիգրան Ներսիսյանը եւ Արմեն Էլբակյանն էին: Ավելի ճիշտ` նրանց արարքը: Էլբակյանն ու Ներսիսյանը, ի թիվս այլոց, հունվարի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դեպի Մայր տաճար էին ուղեկցում` նրան վատ եղանակից պատսպարող ամպհովանին բռնած:

Այս պահը արձանագրող լուսանկարը հայտնվել էր President.am կայքում` Սերժ եւ Ռիտա Սարգսյանների մասնակցությունը սուրբծննդյան պատարագին լուսաբանող տեղեկության հետ մեկտեղ: Որովհետեւ հայրապետական ամպհովանու ներքո արդեն որերորդ անգամ պատսպարվել էր ոչ միայն Հայոց եկեղեցու հովվապետը (ըստ ավանդույթի), այլեւ Սերժ Սարգսյանը` իր գլխաբաց տիկնոջ հետ միասին:

Առաջին հանրային արձագանքն այս պատկերին խիստ միանշանակ էր` մարդիկ ցավում էին, տեղ-տեղ էլ` չարախնդում, որ հերթական անգամ ազգի մտավորականության ներկայացուցիչը նվաստանում է` հանրության առաջ հանդես գալով որպես իշխավորի «զոնտիկ բռնող»:

Իրականում, ինչպես իրավացիորեն նշել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, հայրապետական թափորների ժամանակ ամպհովանին կրելը պատիվ է հասարակության արժանավոր ներկայացուցիչների համար:

«Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն` ամպհովանին գործածվում է եկեղեցական մեծահանդես հայրապետական թափորների ժամանակ` իբրև Աստծո հովանու ներկայություն և առաջնորդություն` այնպես, ինչպես աստվածաշնչյան ամպի սյունը, որը հրեա ժողովրդին եգիպտական գերությունից առաջնորդեց դեպի ավետյաց երկիր…», — Tert.am-ի հետ զրույցում պարզաբանել է Տեր Վահրամը:

Այսպիսով, Առաքելական եկեղեցու ցանկացած զավակի համար մեծ պատիվ պետք է լիներ` հանդիսավոր երթերի ժամանակ կրել իր կաթողիկոսի ամպհովանին. դա հասարակական որոշակի դիրքի վկայություն պետք է դիտվեր, եւ հասարակության մնացած անդամները պետք է ձգտեին նույնպես արժանանալու այդպիսի պատվի: Այնինչ, մադկանց առաջին եւ, պետք է ենթադրել` անկեղծ արձագանքից դատելով` ամպհովանին կրելը այս դեպքում հակաքաղաքացիական կեցվածքի ու ինքնաստորացման դրսեւորում է: Մարդկանց մոտ, ամենայն հավանականությամբ, տարակուսանք ու վրդովմունք է առաջացրել ոչ թե այն, թե ինչ են բռնել Ներսիսյանն ու Էլբակյանը, այլ այն, թե հանուն ինչի եւ ում համար են նրանք բռնել:

Ինչպես նշեցինք, ամպհովանու տակ ծվարել էր նաեւ Սերժ Սարգսյանը: Ինչպես ասում են, ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Հայաստանցիների՝ գնալով ավելի մեծ զանգված վերջին տարիներին խիստ որոշակի կարծիք ունի ոչ միայն Սերժ Սարգսյանի մասին, այլև այն անձանց, ովքեր որեւէ, թեկուզ ամենաանուղղակի առնչություն են ունենում նրա անվան հետ: Ինչպես ժամանակին նկատել էր ներկայումս իշխանական պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ ում անունը Սերժ Սարգսյանի հետ կապվի, անմիջապես կվարկաբեկվի:

 Եւ այստեղ եկեղեցական գեղեցիկ ավանդույթն ամենեւին էլ մեղավոր չէ:

Ու պետք չէ աղավաղել Սուրբ գրերը, թե` «Աստված պատվիրել է պատվել իշխանություններին»: 

Եթե ամպհովանին բռնած մարդիկ արդարանում են` վկայակոչելով Սուրբ գրերը, գուցե արժե նրանց հիշեցնել, որ իշխանությամբ օծված էր նաեւ Հրեաստանի թագավոր Հերովդեսը, որը մ.թ. առաջին տարվա առաջին օրերին կարգադրել էր սպանել Բեթղեհեմում ծնված բոլոր մանուկներին` որպեսզի նրանց թվում ոչնչացնի նաեւ նորածին Հիսուսին` Աստծո որդուն:

Կարելի է պատկերացնել, թե ինչպես կընթանար մարդկության պատմությունը, եթե այն ժամանակվա «մտավորականության» ներկայացուցիչները` Արեւելքի իմաստուն մոգերը, ենթարկվեին Հերովդեսի կամքին ու մատնեին նրան մանուկ Հիսուսի տեղը: 

Հակոբ Կարապետյան 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դատախազություն. Մարզասարքերը չէին կարող լինել Միխայիլ Շումախերի անկման պատճառը’
Հաջորդ հոդվածը‘Մամուլ. Կանխվել է մահափորձը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի դեմ’