‘Ելույթային մետամորֆոզ. «Ծիածանագույն կարուսելից» մինչև «Դերո» ‘

1148

Սերժ Սարգսյանը ֆալստարտով արդեն սկսել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, որի մեկնարկը տրվել է շաբաթ օրը կառավարությունում հրավիրված խորհրդակցությամբ: Այս խորհրդակցության մեխը, ինչպես հիշում ենք` կառավարության անդամներին խիստ տոնով նկատողություն անելն էր` վատ աշխատելու, պետական բյուջեն վատնելու, ատկատներ անելու համար: Սակայն, ինչպես ցույց է տվել պատմությունը, Սերժ Սարգսյանի ելույթները պետք չէ լուրջ ընդունել, քանի որ դրանց բովանդակությունը պարբերաբար փոխվում է: Համեմատության համար վերցնենք Սարգսյանի 2008 թվականի որոշ ելույթներ, համեմատենք 2012 թվականի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մտավորականների հետ հանդիպման ժամանակ նրա ունեցած ելույթի եւ կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ունեցած իր վերջին ելույթի հետ:

Հատված Սարգսյանի երդմնակալության արարողության ելույթից` 09.04.2008

«Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, եւ մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու: Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմիավորի համայն հայությանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը: …Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ընտանիք ապահով, արժանավայել կյանք եւ ինքնաարտահայտման հնարավորություն կունենա»:

Հատվածից Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ունեցած իր ելույթից` 12.07.2008

«Ես չեմ ասում համբերել է պետք. հավատացե՛ք, ես էլ չեմ համբերում, եւ ուզում եմ օր առաջ լուծված տեսնել մեր խնդիրները՝ անարդարության, անտարբերության, կոռուպցիայի ու աղքատության դեմ պայքարի դրական արդյունքները»։ 
Հատված Սարգսյանի` «ՀՀ քաղաքացիներին եւ բոլոր հայորդիներին» ուղերձից` 14.06.2008

«Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, դիմում եմ նաեւ բոլոր նրանց, ովքեր Հայաստանն իրենց հայրենիքն են համարում, բոլոր նրանց, ովքեր դեռ օրորոցից իրենց զավակներին ու թոռներին հպարտորեն բացատրում են, որ իրենք հայ են, որ հեռավոր Արարատի փեշերին հայրենիք ունեն, Հայաստան ունեն: Դիմում եմ հորդորով, դիմում եմ կոչով, դիմում եմ, որպեսզի առավել ուշադրություն հայցեմ այն հող ու ջրի հանդեպ, որ մեր ու մեր սերունդների տունն է եւ շարունակելու է այդպիսին լինել. տուն, որ առանց հարցերի, ջերմորեն քեզ իր գիրկն է առնում եւ կանգնեցնում է, երբ չհիմնավորված փորձության ես ելնում: …Մեր տանը տեր կանգնենք. մեր մանկության այգում ծիածանագույն «կարուսել» է պետք: Մեր տատ ու պապերին մեր ականջն է պետք` իրենց կյանքի կծիկը բացելու համար: Մեր բակերին տարին գոնե մեկ անգամ մեր ներկայությունն է պետք, իսկ մեր հողուջրին… ոչի՛նչ, ոչինչ էլ պետք չէ. դու սիրիր քո տունն ու բակը, հայրենիքն ինքն արդեն սիրված կլինի»:

Հատված մտավորականների հետ հանդիպման նախընտրական հանդիպման ժամանակ Սարգսյանի` սահմանամերձ լեռնային գյուղերի մասին ունեցած ելույթից` մայիս 2012 թվական

«Չգիտեմ` էդ պրոբլեմը ինչքա՞ն է ակտուալ, որովհետեւ մարդը էսօր` ապրելուց լինի գյուղում թե քաղաքում, էսօր ուզում է  կյանքի համար լավ պայմաններ, հարմարավետ պայմաններ։ Եւ եթե այսօր հարթավայրում կամ մոտիկությամբ կա մի գյուղ, որտեղ ապրում են 5000-6000 մարդ, որն ապահովված է խմելու ջրով, ոռոգման ջրով, գազիֆիկացված է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգված են, մանկապարտեզ կա, ես կնախընտրեի, որ 3, 5, 7 կմ վերեւ ապրող 10-12 ընտանիքը իջներ էդտեղ, էս մի գյուղում ապրեր, երեխային ուղարկեր կարգին, նորմալ դպրոց, մինչեւ կկարողանանք, ձեռներս կհասնի եւ էն վերեւի գյուղ էլ գազ կքաշենք կամ դպրոց կկառուցենք։ Պրոբլեմները էնքան շատ են, որ էդպիսի բաների մասին մտածելը դեռեւս շատ վաղ է։ Այսինքն, եթե Երեւանի դպրոցը չի ջեռուցվում, մենք ի՞նչ հնարավորություն ունենք` գնանք սահմանամերձ գյուղում էնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք էնտեղ ապրենք։ Մենք պտի կենսական պրոբլեմների մասին առաջին հերթին մտածենք, կենսական»:

Եւ վերջապես հատված այս շաբաթ օրը Սարգսյանի` կառավարության հետ խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթից

«Կառավարության աշխատանքը, Տիգրան շատ բացասական եմ գնահատում: Մենք 4 տարի ա, քեզ հետ խոսում ենք էս թեմաների մասին, 4 տարի ուղիղ, բայց պրոցեսները շարունակվում են, գնում են` 6 ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի… Մեկը դրա համար պտի պատասխան տա՞, թե՞ չէ:…Էդ փնթի վերաբերմունք ա, փնթի: …Մեծ խնդիրներ կա դեռեւս Քաղշիննախարարությունում: Մարդիկ դեռեւս համոզված չեն, որ իրենք չպետք է ատկատներ տան: …Էական բարեփոխումներ պտի լինի Պաշտպանության նախարարությունում, Սեյրան: …Ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, թե ինչպես կարելի ա դեղերի շուկան այդպես թողնել, Դերո: Դերո, արդեն դու էլ ահագին աշխատում ես»:

Ինչպես տեսնում ենք, տարիների ընթացքում Սարգսյանի խոսքը անընդհատ պարբերական փոփոխության է ենթարկվում: Եթե նախագահական ընտրություններից հետո Սարգսյանը կարծում էր, թե մեր մանկության այգում ծիածանագույն «կարուսել» է պետք, ապա այժմ, նա միայն գոռում է` Տիգրան, Սեյրան, Դերո:

 

Քրիստինե Խանումյան

«Չորրորդ Ինքնիշխանություն» 

Նախորդ հոդվածը‘Սարգիս Հովսեփյանը դադարեցնում է ելույթները’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոցը» պարտքերի պատճառով հետաձգել է «Արմավիայի» չվերթները ‘