‘ԵԽԽՎ. Նալբանդյանը չի կարողացել պատասխանել Զուրաբյանի բոլոր հարցերին ‘

2502

Այսօր մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նիստում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին մի քանի հարցեր է ուղղել:

Հիշեցնենք, որ Հայաստանը ստանձնել է ԵԽԽՎ նախարարերի կոմիտեի նախագահությունը, եւ այսօրվա նիստում հենց Նալբանդյանն էր կոմիտեի կողմից ուղերձ փոխանցել ԵԽԽՎ-ին, ինչից հետո էլ մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Նալբանդյանին:

Լեւոն Զուրաբյանը վերջինիս հարցրել է. «Հայաստանը տապալել է 2008-ի մարտի մեկի արյունալի դեպքերի պատշաճ քննությունը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը, ԸՕ-ի ընդունումը՝ որը թույլ կտար լուծել ուռճացված ընտրացուցակների եւ բազմակի քվեարկության խնդիրներն, ու հեռուստատեսության ազատականացումը:  Որքանո՞վ է դա համատեղելի ձեր նախագահության կողմից հռչակված առաքելության հետ, եւ մասնավորապես, ժողովրդավարության զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության աջակցման համատեքստում»:

Ի պատասխան, Էդվարդ Նալբանդյանը խոսել է միայն Տիգրան Առաքելյանի վերաբերյալ՝ ասելով, թե չի կարող խառնվել դատական գործերին, բայց եւ նշել է, որ գործը Վճռաբեկ դատարանի կողմից ուղարկվել է Վերաքննիչ դատարան, եւ որեւէ բան հիմա հնարավոր չէ ասել՝ մինչեւ դատական որոշումը:

Փաստորեն, Նալբանդյանը պատրաստվել էր միայն Տիգրան Առաքելյանի վերաբերյալ հարցին պատասխանելու համար, իսկ մյուս հարցերի վերաբերյալ, թերեւս չի իմացել՝ ինչ պատասխանի: 

Նախորդ հոդվածը‘ՍԱՊԾ-ն շուկայից դուրս չի բերում սփրեդով պատրաստված պաղպաղակները’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան՝ ԼՂ հարցում ԵԽԽՎ-ի անելիքը կարող է լինել վստահության մթնոլորտի ձեւավորումը ‘