‘ԵԽԽՎ-ն Սաֆարովի հարցը, որպես հրատապ, կքննարկվի հոկտեմբերի 4-ին’

970

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում հաստատվել է ոճրագործ Ռամլի Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման գործարքի մասին հարցի քննարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` կարճ քննարկումների արդյունքում ԵԽԽՎ բյուրոն որոշել է հայ պատգամավորների բարձրացրած հարցը` որպես հրատապ կամ ակտուալ թեմա, ներառել Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգ, և այն քննարկել հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում:

ԵԽԽՎ-ի նախագահ ժան Կլոդ Մինյոնն ավելի վաղ անհանգստություն էր հայտնել Բաքվի կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշման հետեւանքով հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: «Ես միանում եմ բոլոր նրանց, ովքեր դատապարտում են Սաֆարովի հրեշավոր հանցագործության արդարացումը, որի համար նա Եվրամիության անդամ երկրի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Նրա ազատումն անընդունելի է, եւ ես խորապես հիասթափված եմ, որ ԵԽ-ի մարմիններն օգտագործվել են նման գործողությունների օրինականացման համար»,- հայտարարել էր ԵԽԽՎ նախագահը:

«Սաֆարովի ազատումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի եւ Ադրբեջանի առանց այդ էլ լարված հարաբերությունների վրա, եւ տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի ապակայունացման վտանգ կա: Ես ադրբեջանական կողմին կոչ եմ անում վերանայել իր դիրքորոշումը` համապատասխանեցնելով Եվրախորհրդի նորմերին», — ընդգծել է Մինյոնը:

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին` Ստրասբուրգում:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահի անձնական կինոօպերատորը քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ում’
Հաջորդ հոդվածը‘ՀՖՖ-ն հրապարակել է ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը’