‘ԵԽԽՎ պատվիրակություն. Ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության եւ անվստահության մթնոլորտի պատճառով’

1183

ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը փաստում է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու ջանքերի առկայությունը, բայց մտահոգված է ընդհանուր հետաքրքրության եւ գործընթացի նկատմամբ վստահության բացակայությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:

Դրանում նշվում է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախընտրական մթնոլորտը ուսումնասիրելու նպատակով հունվարի 17-ի Հայաստան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունը ողջունել է Հայաստանի իշխանության ջանքերը՝ ընտրությունները միջազգային չափանիշներին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, պատվիրակության մտահոգության կարեւոր տարրերից է շարունակում մնալ ընտրողների ցուցակներում առկա էական անճշտությունները, քանի որ ճշգրիտ ցուցակները ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է:

Առայժմ բաց է մնում արտասահմանում բնակվող հայաստանցիների ընտրության իրավունքի հարցը: Պատվիրակության անդամները հիասթափությամբ նշել են, որ այս հարցի շուրջ հրատապ լուծում ապահովելու՝ նախկինում տրված խորհուրդները հաշվի չեն առնվել:

ԵԽԽՎ պատվիրակները նշել են նաեւ, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ ոչ հետաքրքրություն, ոչ վստահություն չի ցուցաբերում: Դա լուրջ մտահոգություն է հարուցում՝ հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից մեծ ակնկալիք կար, որ նախագահի թեկնածու կառաջադրեն, որոշել են այդ չանել՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով:

Այդ որոշումը նեղացրել է ընտրության շրջանակը` հանգեցնելով առավել  ցավալի իրողության, քանի որ ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության եւ անվստահության մթնոլորտի պատճառով:  Պատվիրակությունը շեշտել է, որ պետք է վերականգնվի քաղաքացիների վստահությունն առ այն, որ ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:

ԵԽԽՎ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մեջ, մասնավորապես, ընտրողների ահաբեկման եւ վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման դեպքերը, հաշվի  կառնվեն այնպես, որպեսզի բացառվի նման պրակտիկան: Հույս է հայտնվել նաեւ, որ բոլոր թեկնածուներին հավասար չափով ԶԼՄ-ներում լուսաբանվելու հնարավորություն կտրվի:

Պատվիրակությունը ողջունել է ԶԼՄ-ների ազատությունների ընդլայնումը եւ հույս է հայտնել, որ հավասարակշռված լուսաբանման միջոցով ընտրողները հնարավորություն կունենան գիտակցված ընտրություն կատարելու:

Պատվիրակությունը նաեւ նշել է 2011-ին ընդունված նոր Ընտրական օրենսգրքում ամրագրված իրավական բարեփոխումները՝ միաժամանակ ընդգծելով, որ Օրենսգրքի արդար եւ պատշաճ կիրառումը նույնքան կարեւոր է, որքան ինքը՝ Օրենսգիրքը:  

Հաղորդագրությունում նշվում է, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Երեւան է ժամանել ԱԺ նախագահի հրավերով: Պատվիրակության անդամները հանդիպել են նախագահի թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ԱԳ նախարարի, ԱԺ նախագահի, ԿԸՀ նախագահի, ոստիկանության պետի, գլխավոր դատախազի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամների եւ Երեւանում հավատարմագրված դիվանագետների հետ:  

ԵԽԽՎ պատվիրակությունն իր հետեւություններն ու խորհրդատվությունը Վեհաժողովին կներկայացնի Ստրասբուրգում ապրիլին կայանալիք նստաշրջանի ընթացքում: 

 

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Նախորդ հոդվածը‘Կարծիք. Արտոնագրային վճարների մասին օրենսդրության փոփոխությունը հարվածելու է փոքր եւ միջին բիզնեսին’
Հաջորդ հոդվածը‘Արեգ Գևորգյան. Մարտի 1-ին Ազատության հրապարակից ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական շարժում կմեկնարկի’