‘ԵԽ հանձնակատարը ողջունել է մարտիմեկյան դեպքերի քննությունը’

2502

2018 թվականին Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցումը իրապես հրաշալի էր: Այդուհանդերձ, ժողովրդի ակնկալիքները շատ բարձր են՝ այն առումով, որ իրենց կյանքում զգալի դրական փոփոխություններ կլինեն, եւ կառավարությունը պետք է իր ուշադրությունը սեւեռի այն մարդկանց վաղուց մոռացված իրավունքների վրա, որոնք ամենախոցելին են:

Այս մասին հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ օրեր առաջ Հայաստան կատարած իր այցի արդյունքներով: Այցի ժամանակ, ինչպես նշվում է ԵԽ կայքում, առավել մեծ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքներին, գենդերային հավասարության եւ ընտանեկան բռնության խնդիրներին, տարբեր խոցելի խավերի իրավունքներին, ինչպես նաեւ նախկինում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատվության ենթարկելու հարցերին:

Հանձնակատարը անդրադարձել է նաեւ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ «ժառանգության» հարցին եւ ողջունել է Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ վերջապես պատասխանատվության կանչել տասն անձանց սպանության համար մեղավորներին եւ այդպիսով՝ վերջնականապես փակել նորագույն պատմության այդ ցավալի էջը:

Միաժամանակ, հանձնակատարն ընդգծել է, որ «դա պետք է արվի մանրակրկիտ եւ օրենքի գերակայության սկզբունքներին խիստ համապատասխանության եղանակով, դատական իշխանության անկախության, արդար եւ թափանցիկ դատական գործընթացի երաշխավորությամբ՝ վրեժխնդրության եւ ընտրովի արդարադատության հնարավոր մեղադրանքներից խուսափելու համար»:

 

Նախորդ հոդվածը‘Մանվել Բադեյանը հետ է կանչվել Քուվեյթում ՀՀ դեսպանի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան Ղարիբջանյանյանն էլ հետ կանչվեց’