‘ԵԽ-ն ու Դանիայի կառավարությունը 2 միլիոն եվրո կուղղեն Հայաստանի տեղական ժողովրդավարության ամրապնդմանը’

889

Հայաստանում տարածքային կառավարման զարգացմանն ու տեղական ժողովրդավարության ամրապնդմանը միջոցներ են ուղղում նաև միջազգային կառույցները: Եվրոպայի խորհուրդը Դանիայի կառավարության աջակցությամբ կիրականացնի ավելի քան 2 միլիոն եվրո արժողությամբ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը: Այն եռամյա է, նախապատրաստական աշխատանքները սկսվել են նախորդ տարվա վերջին, իսկ պաշտոնական մեկնարկը տրվել է փետրվարի 5-ին: Ինչպես հայտնում է «Արմենպրեսը», ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ներկայացնելով «Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը, շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին ու Դանիայի կառավարությանը ծրագրին աջակցելու համար և մաղթել արդյունավետ աշխատանք: «Անկախության տարիներից սկսած` Հայաստանը Եվրոպայի խորհրդի հետ ձևավորել է համագործակցության լայն փաթեթ, որում կարևոր տեղ են ունեցել տեղական ժողովրդավարության կայացման ծրագրերը»,-ասաց Արմեն Գևորգյանը:

Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական կառույցների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին, կարևորելով Հայաստանի և Եվրախորհրդի շարունակական համագործակցությունը, նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է իրականացնել տեղական կառավարման ոլորտում բարեփոխումներ կատարելու իր պարտավորությունները: «Մենք ուրախ ենք աջակցել բարեփոխումների իրականացմանն իրավական աջակցության և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների միջոցով: Մենք շարունակելու ենք փորձագիտական կարծիքի տրամադրումը` հիմնված եվրոպական լավագույն փորձի և նորարարությունների վրա»,-ասաց Ալֆոնսո Զարդին` շեշտելով, որ ծրագիրն օժանդակելու է տեղական համայնքներին հանրային էթիկայի, քաղաքացիների մասնակցության, մարդկային ռեսուրսների կառավարման և համայնքների ղեկավարների առաջնորդության կարողությունների զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացմամբ:

«Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի վերջին ու ավարտին կմոտենա 2016-ի հոկտեմբերին: Ծրագիրն իրականացվում է Դանիայի արտաքին գործերի նախարարության 1 միլիոն 660 հազար եվրո և Եվրոպայի խորհրդի 370 հազար եվրո ֆինանսական աջակցության շնորհիվ: Տեղական ժողովրդավարության ոլորտում մեկնարկած ծրագիրը ներառված է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2012-2014 թթ. գործողությունների ծրագրում:

Նախորդ հոդվածը‘Համանախագահները Երևանում հանդիպել են Էդվարդ Նալբանդյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Երիտասարդ դաշնակցականները համանախագահներին դիմավորել են բողոքի ակցիայով (ֆոտոշարք)’