‘Եկատերինբուրգում բացվում է «շպարգալկաների» ցուցահանդես’

891

Դեկտեմբերի 25-ին Եկատերինբուրգի Ուրալյան դաշնային համալսարանում  բացվում է ծածկագրերի՝ «շպարգալկաների» ցուցահանդես, ասվում է բուհի հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ՝ կցուցադրվի ծածկագրերի 150 ցուցանմուշ: Ընդ որում՝ հավաքածուն կարող է համալրվել հենց ցուցահանդեսի ընթացքում. այցելուները կարող են բերել իրենց «շպարգալկաները» և ցուցադրել դրանք:

«Բոլոր ցուցանմուշները փորձարկում են անցել դպրոցներում, բուհերում, քոլեջներում և այլ  ուսումնական հաստատություններում: Դրանց մեջ կան շատ փոքր ծածկագրեր՝ մանր ձեռագրով, մեծ ցուցապաստառներ, էլեկտրոնային միջոցներ, թափանցիկ ծածկագրեր, գաղտիքով գրիչներ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսն ամենևին էլ «շպարգալկաներից» օգտվելու կոչ չէ: Դրանք, ավելի շուտ, դիտարկվում են որպես ստեղծագործության տեսակ, թեպետ կազմակերպիչների կարծիքով՝ «շպարգալկա» գրելը ուսումնական նյութը մտապահելու բավական արդյունավետ միջոց է նաև:

Ցուցահանդեսի ընթացքում նախատեսված է անցկացնել նաև վարպետության դասեր, որոնց ընթացքում աշակերտները կարող են ծածկագրերն օգտագործել գործնականում, իսկ ուսուցիչներն էլ՝ դրանք հայտնաբերելու փորձի փոխանակում կատարել:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինան արգելել է ռուսաստանյան ևս չորս ֆիլմերի վարձույթը’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը վերջին 1 տարվա ընթացքում մսխել է պահուստների 1/4-ը ‘