‘Եկեղեցին՝ պետության հայելին ‘

1715

Մի ծանոթ ունեմ, ում հայրը ՀՀ շրջաններից մեկում հոգևորական էր, ու այդ ծանոթս երազում էր, որ հայրը Երևան վերադառնա:

Սկզբում ինձ թվում էր, թե հոր նկատմամբ կարոտն է այդ ցանկության պատճառը: Բայց հետո հայտնաբերեցի, որ այդքան էլ այդպես չէ, ու Երևանում էլ կան եկեղեցիներ, որոնք այդքան էլ «հաճելի» չեն հոգևորականների աշխատանքի համար,  քանի որ իրականում շատ հոգևորականներ ձգտում են շրջաններից Երևան գալ փող աշխատելու ակնկալիքով:

Ծանոթս ասաց, որ իրենց բախտը բերել է, որ հորը Եռաբլրի եկեղեցում ծառայության չեն նշանակել, քանի որ այնտեղ փող չկա. կնունքներ, հարսանիքներ ու ծնունդներ այդ եկեղեցում չեն իրականացվում կամ հազվադեպ են իրականացվում: Իսկ ինձ իրականում թվում էր, թե ցանկացած հոգևորականի համար պատիվ պետք է լինի ծառայությունն իրականացնել Եռաբլուրում, քանի որ այնտեղ հանգչում են մեր ազգի հերոսները:

Այս պատմությունը հիշեցի այն ժամանակ, երբ Վրաստանում անցյալ շաբաթ հարձակման ենթարկվեց Թբիլիսիի հայկական եկեղեցին, ու վրացիների կողմից ծեծի ենթարկվեցին նաև հայ հոգևորականներ: Չեմ խորանա հայ-վրացական հարաբերությունների մեջ, սակայն կարծում եմ, որ ինչ վիճակում ՀՀ այլ ինստիտուտներն են, նույն վիճակում էլ մեր եկեղեցին է: Ու քանի որ կոռուպցիան ծաղկում է ու զարգանում  պետության ներսում, արտաքին աշխարհում էլ ով ուզի՝ անպատիժ ծեծի ու ծաղրուծանակի է ենթարկում  մեր  պաշտոնյաներին, հոգևորականներին ու «խալաթ հագցրած» կամ չհագցրած ՀՀ քաղաքացիներին:

Ծեծը, որոշ դեպքերում, կարող է փոխաբերական իմաստ ունենալ, սակայն շատ դեպքերում էլ մարդ երազում է, որ ոչ փոխաբերական՝ ուղղակի իմաստ ունենա, որ գոնե դրանով «պրծնենք»:

Հայրենի ԱԳՆ-ում մարդիկ երազում են արտերկիր գործուղվել, ու հնարավորինս՝ «անշառ» երկիր: Նույնը եկեղեցում է, որտեղ արտասահմանյան երկրներում ծառայության մեկնելը Վեհափառի անմիջական միջնորդությամբ է կատարվում:

Նույնն էլ ՊՆ-ում է, որտեղ, իհարկե, պաշտոնյաների «բալաները» գերադասում են «ծառայությունն անցկացնել» իրենց տներում: Նրանցից մի փոքր քիչ փող ունեցողները ծառայում են զորամասերում, բայց երբևէ դիրքի երես չեն տեսնում: Իսկ իրականում մեր սահմանը պահում ու հայրենիքի համար զոհվում են առանձնապես չքավորներն ու աղքատները:

Իսկ շա՜տ փող ունեցողների ու ամենահզոր պաշտոնյաների «բալաները», գիտե՞ք՝ որտեղ են ծառայում. ասեմ, բայց աթոռից չընկնեք՝ նրանք ծառայում են արտերկրում՝ մեր դեսպանությունների առջև պահակ կանգնելով:

Հիմա, այս բոլոր երիտասարդներն էլ զորացրվելուց հետո հայտարարելու են, որ  ծառայել են բանակում, սակայն սահմանի վրա ամեն օր իրենց կյանքը վտանգողներն ու արտասահմաններում «կայֆավատ» անողները լրիվ տարբեր աշխարհընկալման կրողներ են: 

Հայաստանը պարտվում է բոլոր բնագավառներում, և այդ պարտությունը ոչ միայն  տնտեսական անկման պատճառով է, այլ ավելի շատ հոգևոր արժեքների ոչնչացման: Երբ հոգևորականների մի մասը պատրաստ է  հոգին վաճառել իշխանություններին կամ մյուս «հոգավորին» ու դրա դիմաց ձեռք բերել Բենթլի քշելու իրավունք, իսկ ամբողջ կյանքում իրենց հոգևոր կյանքը ճգնության մեջ անցկացնող հոգևորականները անտեսվեն և հեռացվեն աշխատանքից: Եվ այս երկու տեսակն էլ կոչվեն հոգևորական: Երբ միլիարդատեր դարձած որոշ գեներալներ կարող են շուրջերկրյա ճանապարհորդություններ կազմակերպել իրենց և ընտանիքների համար, իսկ պատերազմի իրական հերոսները սովամահ լինեն կամ փողոցներում փող մուրան, և երկու տեսակն էլ կոչվեն ազատամարտիկ…

Հոգևոր այս անկումն ու իրերը սխալ անուններով կոչելն  է պատճառը, որ հոգևորականների մեծ մասը չի ցանկանում Եռաբլուրում հոգևոր ծառայություն իրականացնել: Եվ հենց այդ պատճառով էլ օտար երկրներում ծեծում ու նվաստացնում են մեր հայրենակիցներին, սպանում են հայ սպաներին, հետո էլ մարդասպաններն էքստրադիցիայի են ենթարկվում իրենց երկիր ու «դառնում» հերոսներ:

Լեո Ամիրյան

Նախորդ հոդվածը‘Վկան Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չի առել’
Հաջորդ հոդվածը‘Այվազովսկու արձանը, մի քանի տարի է, ինչ անվրձին է (լուսանկարներ)’