‘Եկեղեցին հորդորում է պահքը չշփոթել դիետայի հետ’

710

Պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ` պահքը հավասարեցնելով դիետային: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել քահանա Եսայի Արթենյանը:

Ըստ նրա, եկեղեցին դիետաների դեմ ոչինչ չունի, բայց նստել դիետայի վրա և դա անվանել պահք` անիմաստ է: Պահքը ոչ միայն ֆիզիկական, այլև հիմնականում հոգևոր զսպվածություն է: Քահանան հիշեցրել է, որ մարտի 3-ից հավատացյալ հայերի համար սկսվել Մեծ Պահքը: Ովքեր պահպանում են պահքը, այդ ժամանակահատվածում պետք է օգտվեն բացառապես բուսական սննդամթերքներից: Սննդի զսպվածությունից բացի հավատացյալները պետք է հրաժարվեն ազարտային խաղերից, շատախոսությունից, խաբեբայությունից, հայհոյանքներից և այլ մեղքերից: Սննդի նկատմամբ ձեռնպահ մնալը, իսկ մեղքից չհրաժարվելը եկեղեցին համարում է անիմաստ: Ըստ քահանայի, Պահքի միակ նպատակը երկնային օրհնության հասնելն է: «Շատերը կարծում են, որ լուրջ պատճառներով չեն կարողանա մինչև վերջ դիմանալ պահքին, սակայն եկեղեցին նրանց կոչ է անում փորձել, իսկ եթե հանկարծ առաջանա մեղքի զգացում, ապա ճշմարիտ քրիստոնյա հավատացյալը, հետևելով իր կրոնի  ցուցումներին, կարող է հաղթահարել այդ զգացումը»,- ասել է քահանան:

Նշենք, որ Մեծ Պահքը տևում է 48 օր`մինչև Սուրբ Հարության տոնը, որն այս տարի կնշվի ապրիլի 20-ին:  

Նախորդ հոդվածը‘Հայաստանում կարող է ներդրվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության «պիլոտային» ծրագիր’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆ. Ստեղծված իրավիճակում Ղրիմի թաթարները միայնակ չեն’