‘ԵՀԽ-ն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով’

957

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովին քննարկվեցին և որդեգրվեցին մի շարք բանաձևեր: Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, նոյեմբերի 6-ի նիստում «Պետականազուրկ ժողովուրդների իրավունքի մասին» հայտարարության քննարկման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակության կողմից բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը: Պատվիրակությունը կոչ արեց ԵՀԽ-ին դատապարտելու այս հարցի առնչությամբ աշխարհում կիրառվող երկակի չափանիշները:

Նույն օրը համաժողովի շուրջ 345 եկեղեցիների 3000 պատվիրակներն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունեցին հատուկ բանաձևը, որն արդյունքն էր Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի պաշտոնական դիմումների, ինչպես նաև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում Հայ Եկեղեցու նվիրակների հետևողական աշխատանքի:

Նշյալ բանաձևով որոշվեց` 1. 2015 թ. ապրիլի 24-ի շրջանին Ժնևում կազմակերպել միջազգային կոնֆերանս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ Եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ: 2.Սույն միջազգային կոնֆերանսին զուգընթաց կազմակերպել միջեկեղեցական աղոթք Ժնևի Մայր տաճարում: 3.         Միջազգային կոնֆերանսի օրերին հրավեր ուղղել աշխարհի բոլոր Եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար: Բանաձևը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերահաստատեց 1983 թ.-ին ընդունած ԵՀԽ դիրքորոշումը, նշանակալի ձեռքբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Նոյեմբերի 6-ի նիստերից մեկում տեղի ունեցավ նաև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի ընտրությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսության երկու պատվիրակներ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Փոլա Տեր-Մաթոյանը վերընտրվեցին ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ:

 

Նախորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկա-իրանական հարաբերություններում, հնարավոր է՝ առաջխաղացում լինի’