‘ «Եղիցի լույս» մրցանակը՝ Քշիշտոֆ Զանուսիին’

1342

«Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում  է նաև  լեհ ճանաչված  ռեժիսոր, սցենարիստ, դասախոս Քշիշտոֆ Զանուսին: 

Լեհ կինոռեժիսորը ծնվել  է 1939 թվականին Վարշավայում: 1955-1959 թվականներին ֆիզիկա է ուսանել Վարշավայի համալսարանում, 1956-1957 թվականներին` կինոդասընթացների հաճախել Լեհաստանի գիտությունների ակադեմիային կից Արվեստի ինստիտուտում: 1959 թվականին ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, բայց չի ավարտել՝ 1963 թվականին համալսարանի փակվելու պատճառով: 1960 թվականին ընդունվել է Լոձի կինոդպրոցի ռեժիսորական բաժինը, որն ավարտել է 1966 թվականին: Այդ ժամանակից ի վեր նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր եւ հեռուստաֆիլմեր թե Լեհաստանում, թե արտասահմանում: Ինքն է գրում իր ֆիլմերի սցենարները կամ դրանց համահեղինակն է: 1974-1981 թվականներին եղել է Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության փոխնախագահը: 1979 թվականից «Տոր» ստեղծագործական միավորման (այժմ` «Տոր» կինոստուդիա) տնօրենն է: Շատ ու շատ կարեւոր ֆիլմեր է թողարկել, այդ թվում` ընկերոջ` Քշիշտոֆ Կեսլյովսկու ուշ շրջանի գործերը: 1994 թվականին դարձել է Վատիկանում գործող Մշակույթի հայրապետական հանձնաժողովի անդամ: 1992 թվականից Կատովիցեի Սիլեզյան համալսարանի պրոֆեսոր է: Մոսկովյան ՎԳԻԿ-ի, Բուխարեստի Յ. Լ. Կարաջելի անվան թատրոնի եւ կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի, Մինսկի եվրոպական հումանիտար համալսարանի, Բուլղարիայի համալսարանի, Սանկտ Պետերբուրգի կինոյի եւ հեռուստատեսության համալսարանի, Վալենսիայի եւ Լյուբլինի կաթոլիկական համալսարանների պատվավոր դոկտոր է:

Հուլիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը աշխարհահռչակ կինոռեժիսորին հանձնել է «Եղիցի լույս» մրցանակը:

Մրցանակի հանձնման արարողությանը ելույթ են ունեցել Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբի անդամ Դավիթ Մուրադյանը, ով անդրադարձել է ռեժիսորի արվեստին և ասել, որ Քշիշտոֆ Զանուսին մտածող հոգու արվեստ է բերում մեզ: Դավիթ Մուրադյանը հիշեցրել, որ ժամանակին, երբ խորհրդային իշխանությունների կողմից արգելվել էր Սերգեյ Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմը, հենց Զանուսիի ու նրա լեհ գործընկերների շնորհիվ է փրկվել Փարաջանովի գլուխգործոցը. նրանք կինոժապավենի մի մասը կարողանում են իրենց իրերի հետ դուրս բերել Հայաստանից: ««Նռան գույն»-ի միջազգային ճանապարհը սկսվել է հենց Քշիշտոֆ Զանուսիի ճամպրուկից», — ասել է «Եղիցի լույս» մրցանակի շնորհման հանձնախմբի անդամ Դավիթ Մուրադյանը:

Քշիշտոֆ Զանուսին շնորհակալություն հայտնել մրցանակի համար՝ ասելով, որ շատ ուրախ է, որ այսպիսի մրցանակ ստանում է քրիստոնեական հին երկրում:

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ ՊՆ. Boeing-ի մասին Արևմուտքի հայտարարությունները տեղեկատվական պատերազմ են Ռուսաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Մորատան ավարտում է «Յուվենտուս» տեղափոխվելու գործարքը 18 մլն եվրոյով’