‘ԵՄ. «Բելառուսի ընտրություններում առաջընթաց կա, բայց…» ‘

957

Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն քննադատել են կիրակի Բելառուսում կայացած խորհրդարանական ընտրությունները՝ անվանելով դրանք միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան ընտրություններ անցկացնելու եւս մեկ բաց թողնված հնարավորություն:

«Ընտրական գործընթացում որոշակի բարելավումներ գրանցվեցին, մասնավորապես՝ ընտրական օրենսգրքի բարեփոխումները, բայց, ցավոք, ընտրություններն ընթացան բռնաճնշումների եւ ահաբեկման ընդհանուր մթնոլորտում», — ասվում է Էշթոնի եւ Ֆյուլեի համատեղ հայտարարության մեջ:

ԵՄ ներկայացուցիչները Բելառուսի իշխանություններին կոչ են արել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ժողովրդավարության սկզբունքների եւ մարդու իրավունքների ոլորտում Բելառուսի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարման ուղղությամբ, եւ հավաստիացրել են, որ նախկինի պես պատրաստ են աջակցելու այդ հարցում:

Բելառուսի ընտրությունների քննադատությամբ ավելի վաղ հանդես էր եկել ԵԱՀԿ-ը, մինչդեռ ԱՊՀ դիտորդական առաքելության տարածած հայտարարության համաձայն, ընտրությունները անցել են Բելառուսի օրենսդրությանը եւ միջազգային չափորոշիչներին համաձայն:

Նշենք, որ Բելառուսի ընդդիմության հիմնական հատվածը բոյկոտել էր սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունները:

 

 

Նախորդ հոդվածը‘Հունաստանի խորհրդարանի խոսնակն իրեն վերագրվող մեղադրանքներին ի պատասխան հրաժարական է տվել ‘
Հաջորդ հոդվածը‘Արոնյանը գերմրցաշարը սկսեց հաղթանակով’