‘ԵՄ բյուջեի քննարկումները համաձայնության չհանգեցրին ‘

870

Բրյուսելում նախօրեին մեկնարկած Եվրամիության բյուջետային գագաթնաժողովի արդյունքում չհաջողվեց համաձայնագիր ստորագրել, հայտնում է BBC-ն: ԵՄ ղեկավարները չկարողացան «լեզու գտնել» մինչեւ 2020-ը նախանշվելիք բյուջետային հիմնադրույթների հարցում:

Մոտակա ժամերին գագաթնաժողովի մասնակիցները պատրաստվում են հայտարարել հաջորդ հանդիպման եւ հետագա հնարավոր գործողությունների մասին:

ԵՄ 2014-2020թթ. բյուջեի հարցով բանակցությունները փակուղի մտան հարուստ դոնոր երկրների եւ վերջին տարիներին ԵՄ ֆինանսական օգնությունից կախման մեջ հայտնված երկրների դիրքորոշումների անհամատեղելիության պատճառով:

Մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդերլանդները եւ հյուսիսային Եվրոպայի մի շարք այլ երկրներ տարբեր վարիացիաներով հանդես են գալիս բյուջետային ծախսերի կրճատման օգտին, մինչդեռ՝ ֆինանսական դժվարություններ ունեցող արեւելյան եւ հարավային Եվրոպայի երկրները կոչ են անում մեծացնել ֆինանսական աջակցությունը՝ խթանելու համար տնտեսական աճը:  Իր հերթին Ֆրանսիան, ի դեմս նախագահ Օլանդի, պահանջում է առնվազն չկրճատել գյուղատնտեսության ոլորտին հատկացվող միջոցները: Ուշագրավ է, որ ավանդաբար եվրաջատագովների համարում ունեցող եւ համաեւրոպական հարցերում ընդհանուր մոտեցումներով հանդես եկող Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարներն այս օրերի քննարկումներին հանդես են գալիս տրամագծորեն հակառակ դիրքերից:

Հոռետեսները կանխատեսում են, որ առկա տարակարծությունները եվրոպական ճգնաժամի ֆոնին կարող են միասնական Եվրոպայի վերջի սկիզբը դառնալ, մանավանդ, որ ԵՄ կազմից դուրս գալու մասին ավելի ու ավելի հաճախ են խոսում Մեծ Բրիտանիայում: Վերջին սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ բրիտանացիների ավելի քան 60 տոկոսը կողմ է Եվրամիության կազմից երկրի դուրս գալուն: 

Նախորդ հոդվածը‘Ռազմական աղավնիների փոստի գաղտնագիրը փակուղի է մտցրել բրիտանական ձեռագրաբաններին ‘
Հաջորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանը ԼՂՀ-ում է ‘