ԵՄ գործակալությունը շտապ գործողություն է սկսել Լիտվայի և Բելառուսի սահմանին

598

Եվրոպական սահմանապահ գործակալությունը (Frontex) շտապ գործողություն է սկսել   Լիտվայում՝ Բելառուսի հետ սահմանին աճող միգրացիոն ճնշման կապակցությամբ, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

«Լիտվայի և Բելառուսի միջև սահմանին իրավիճակը շարունակում է տագնապալի լինել։ Ես որոշել եմ արտակարգ սահմանային ինտերվենցիա ուղարկել Լիտվա՝ ԵՄ-ի արտաքին սահմանն ամրացնելու նպատակով»,- ասել է Frontex-ի գործադիր տնօրեն Ֆաբրիս Լագերին։

Նրա խոսքով՝ գործակալությունը լրացուցիչ սահմանապահներ, պարեկային մեքենաներ և հատուկ սպաներ կուղարկի՝ միգրանտների հետ զրուցելու և տվյալներ հավաքելու համար։

Նշվում է, որ միայն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Լիտվայի իշխանությունները Բելառուսի հետ սահմանի 800-ից ավելի անօրինական հատման դեպք են արձանագրել։ Եթե տարվա առաջին կեսին միգրանտների մեծ մասը ժամանել էր Իրաքից, Իրանից և Սիրիայից, ապա վերջին շրջանում  փոփոխություններ են նկատվում միգրացիոն հոսքերի կազմում․ հուլիսին ժամանողների մեծ մասը Կոնգոյի, Գամբիայի, Գվինեայի, Մալիի և Սենեգալի քաղաքացիներ են։

Լիտվայում համոզված են, որ անօրինական գաղթականների դեմ չպայքարելու՝ Բելառուսի վարքագիծը Լիտվայի նկատմամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիբրիդային պատերազմի դրսևորումներից մեկն է։ Իր հերթին՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունն այլևս չի զսպի ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիություն, քանի որ Մինսկի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով երկիրը դրա համար «ո՛չ փող ունի, ո՛չ էլ ուժ»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍրեբենիցայի ողբերգության 26-րդ տարելիցը
Հաջորդ հոդվածըՄերկելին ուղղված բաց նամակ՝ ի պաշտպանություն Ասանժի