‘ԵՄ դեսպանը` ՀՀ իշխանություններին. կատարեք տնային աշխատանքը’

1646

Երեկ Մեդիակենտրոնում հյուրընկալվել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին: Դեսպանը բավականին ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

«Դուք ինձանից լավ գիտեք, թե որտեղ են խնդիրները Հայաստանում: Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակվեց Սահամանդրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցը: Այո, ընտրական գործընթացներն Հայաստանում բարելավման կարիք ունեն: Զեկույցը դրա հերթական ապացույցն է: Լրջորեն վերաբերվեք դրան և տնային աշխատանքը կատարեք: Հայաստանի ժողովուրդը և Հայաստան պետությունը կշահեն, եթե այդ քննադատական մեկնաբանություններն ի կատար ածվեն: Այստեղ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ աջակցությունը: Եվրոպական միությունը չի փոձում ինչ-որ բան թելադրել Հայաստանին:

…Ընտրական գործընթացնրի բարելավման խնդիրը կարևորում եմ հատկապես առաջիկա 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում, քանի որ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի:

Դա առաջին համապետական ընտրություններն են, որը կանցկացվի նոր Սահամանդարության պայմաններում: Որոշ առումով սա նախադեպ է ստեղծելու, և մենք հուսով ենք, որ այն լավ նախադեպ կլինի: Այստեղ կարևոր է երկու հանգամանք՝ ՀՀ քաղաքացիների վստահությունն ընտրական համակարգի, դեմոկրատական ինստիտուտների լեգիտիմության նկատմամբ և Հայաստանի միջազգային հեղինակությունը: Եթե ընտրություններն անցկացվում են այնպես, որ կասկածներ են ծագում, ապա ոչ քաղաքացիներն են կարողանում սեփական պետական ինստիտուտներին և ընտրական գործընթացներին վստահել, ոչ էլ այն կնպաստի երկրի միջազգային հեղինակությանը, որպեսզի ներդրումներ բերվեն Հայաստան, և առևտուրն ակտիվանա: Ուստի ուշադիր դիտարկեք ԺՀՄԻԳ-ի զեկույցը, քանի որ այնտեղ նշված են թույլ կետերը:

Ընտրական գործընթացի առաջին թույլ կետերը, որոնք նշվում են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, ընտրողների ռեգիստրն է, քվեարկության գործընթացը, քվեների հաշվարկը և արդյունքների ամփոփումը: ԺՀՄԻԳ-ի թիմը տեսավ, թե որոշ քվեներ ինչպես զրոյացվեցին սովորական կարգին հակառակ: Մի բան սխալ է, որ եթե անգամ դիտորդների ներկայությունը չի կանխում վատ պրակտիկան:

Ուստի մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, կառավարությանը և ընդդիմությանը ներգրավվելու երկխոսութայն մեջ՝ ընդունելու նոր ընտրական օրենսգիրք ներառական գործընթացով: Եվ լրջորեն անդրադառնալ նշված թույլ կետերին: Առանց դրանք հաղթահարելու միշտ կլինի կասկածի մթնոլորտ, վստահության պակաս, հակասականություն, և ՀՀ միջազգային հեղինակությունը դրանից միշտ կտուժի: Իսկ ես կարծում եմ, որ հայերը պետք է կարևորեն իրենց երկրի միջազգային հեղինակությունը»:

 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբայրն էլ Չինաստանում ու Մոնղոլիայում ՀՀ դեսպանը չէ’
Հաջորդ հոդվածը‘Անկարան բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ից’