‘ԵՄ դեսպան. ԵՄ-ՀՀ հետագա համագործակցությունը կախված կլինի նախագահական ընտրություններից’

1001

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը և ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ Հայաստան–ԵՄ հետագա համագործակցությունը կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացվեն 2013 թ. նախագահական ընտրությունները։

Նրանց խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների աջակցմանն ուղղված ԵԱՀԿ և ԵՄ համատեղ ծրագիրը, որն իրականացվել է 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին, կշարունակվի նաև 2013-ի նախագահական ընտրություններին։

Տրայան Հրիսթեան հիշեցրեց Հայաստանին ԵՄ պայմանը, այն է` «ավելին, ավելիի դիմաց»: «ԵՄ-ն ուշի ուշով հետևելու է Հայաստանում ընտրությունների իրականացմանը և սահմանելու է «ավելին ավելի դիմաց» սկզբունքը, որից արդեն իսկ Հայաստանը շահել է, և մենք 1,7 մլն եվրո արդեն իսկ տրամադրել ենք», — ասաց նա:

Tert.am-ի փոխանցմամբ, ԵՄ դեսպանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին էական ջանքեր գործադրվեցին, որոնք ակնհայտ էին, բայց, ըստ նրա, ավելին է անհրաժեշտ անել:

«ԵՄ-ն Հայաստանից ակնկալում է, որ նախագահական ընտրությունների ընթացքը համահունչ կլինի ժողովրդավարության չափանիշներին: Դա անելուց կախված կլինի Հայաստանի հետագա համագործակցության տեմպը ԵՄ-ի հետ»,- զգուշացրեց պաշտոնյան և նշեց, որ շարունակելու են աջակցել Հայաստանին՝ սկսած ընտրական մարմիններից մինչև քաղաքացիական հասարակություն:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ արդեն իսկ տեղյակ են, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են 2013-ի փետրվարի 18-ին, իսկ մինչ այդ, նա նշեց, որ այն գործողությունները, որոնք նախատեսվում են քվեարկության շեմին և, ընդհանրապես միջազգային ցանկացած օժանդակություն, չեն կարող երաշխիք լինել ժողովրդական ընտրությունների անցկացմանը:

«Մենք շինարարության համար տալիս ենք աղյուսիկներ, բայց գլխավոր ճարտարապետը ձեր պետությունն է», — ասաց նա:
Անդրադառնալով «աղյուսիկներին», որոնք դրվում են ժողովրդավարության հիմքում, նա մանրամասնեց, որ իրենք լուրջ աջակցություն են ցուցաբերել և, ըստ այդմ էլ, կցուցաբերեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ԿԸՀ-ին, բարելավելու համար համակարգը:

Անդրեյ Սորոկինը հիշեցրեց, որ խորհրդարանական ընտրություններին կազմակերպել են ուսումնական դասընթացներ շուրջ 11 000 դիտորդի համար, նաև տեխնիկապես աջակցել ԿԸՀ-ին, որպեսզի տեղեկատվական համակարգն աշխատի անխափան և քվեարկության տեղամասերից կենտրոնականին փոխանցվի առանց խափանումների՝ ճշգրտորեն:

Ըստ նրա, աշխատանքներ են տարվել նաև ոստիկանության հետ, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ մի շարք ՀԿ-ների և ԶԼՄ-ների հետ և, ըստ այդմ էլ, նա գնահատեց, որ ըստ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական խմբի՝ դրական արդյունքները նախորդ ընտրությունների համեմատ, իսկապես, նկատելի էին:

Նախորդ հոդվածը‘Աջակցություն սիրահայությանը՝ Հեռուստամարաթոն-2012 դրամահավաքի շրջանակներում ‘
Հաջորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. Մայիսի 4-ին եղել է դժբախտ դեպք, իսկ մարտի 1-ին՝ բախում’