‘ԵՄ-ն անհանգստացած է Վրաստանում պատգամավորների հանդեպ կիրառված բռնությունների կապակցությամբ ‘

845

Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձակատար Շտեֆան Ֆյուլեն իրենց մտահոգությունն են հայտնել փետրվարի 8-ին Թբիլիսիի ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որտեղ ընդհարումներ են տեղի ունեցել Վրաստանի նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, ինչի արդյունքում մի քանի պատգամավոր է տուժել:

«ԵՄ-ն համարում է, որ Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել բոլոր քաղաքական ուժերի եւ ինստիտուտների նկատմամբ: Մենք նաեւ մտահոգված ենք, որ «Վրացական երազանքի» եւ  «Ազգայի միացյալ շարժման» միջեւ չկա իշխանության բաշխման հստակ համաձայնություն»,- ասված է ԵՄ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ համաձայն խորհրդարանական մեծամասնության որոշման, Վրաստանի նախագահի` փետրվարի 8-ին նախատեսված ամենամյա զեկույցը հետաձգվել էր: Դրանից հետո նախագահ Սաակաշվիլլին որոշել էր ժողովրդին դիմել Ազգային գրադարանի շենքից, սակայն, ծրագրերը փոխվել էին, քանի որ գրադարանի շենքի մոտ բողոքի ցույց էին անցկացրել այն քաղաքացիները, ովքեր Վրաստանի խորհրդարանականների մեծամասնության կողմից քաղբանտարկյալներ էին հռչակվել եւ հունվարին հայտարարված համաներմամբ` ազատ արձակվել վրացական բանտերից:

Արդյունքում Սաակաշվիլիի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ տեղի են ունեցել բախումներ, որի արդյունքում տուժել են ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում»-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ:

Դրանից հետո նախագահ Սաակաշվիլիի ադմինիստրացիան որոշում էր ընդունել Սաակաշվիլիի ելույթը տեղափոխել նախագահական նստավայր:

 

 

Նախորդ հոդվածը‘«Բավարիայի» տրիումֆն ու «Բորուսիայի» ֆիասկոն’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Երևանում կկայանա Թուրքիայում հայերի դեմ բռնությունը դատապարտող բողոքի ցույց’