‘ԵՄ-ն եւ ՀՀ-ն անհրաժեշտ են համարում արդիականացնել համատեղ գործողությունների ծրագիրը’

890

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» երկրների ղեկավարների գագաթնաժողովում ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համատեղ հայտարարություն:

«Եվրոպական Միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ավելի զարգացնել և ամրապնդել «Արևելյան գործընկերության» շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը։

Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը։

Եվրոպական Միությունը և Հայաստանը շեշտում են իրենց ընդհանուր ձգտումը համագործակցության գործող շրջանակի հիման վրա երկկողմ հարաբերությունների հիմքին անդրադառնալու կարևորությունը: 

Եվրոպական Միությունն ու Հայաստանը արձանագրում են, որ ավարտել են Ասոցացման Համաձայնագրի, այդ թվում Խորը և Համապարփակ Ազատ Առևտրի Գոտու շուրջ բանակցությունները, սակայն, չեն նախաստորագրելու այն, քանի որ Հայաստանն ունի նոր միջազգային հանձնառություններ։ 

Կողմերը համաձայն են, որ անհրաժեշտ է արդիականացնել ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը», — ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ԱԳՆ լրատվական ծառայությունը։

 

Նախորդ հոդվածը‘Էպիստոլյար շփում. Նալբանդյանը և Էշթոնը նամակներ փոխանակեցին’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Խորը եւ համապարփակ եվրապաչիկ ‘