‘ԵՄ-ն սառեցրել է Ուկրաինայի 18 նախկին պաշտոնյաների ակտիվները’

841

Եվրամիության պաշտոնական Eur-Lex պարբերականում հրապարակվել է Ուկրաինայի 18 քաղաքացիների ակտիվները սառեցնելու մասին որոշումը, որոնք կասկածվում են պետական ունեցվածքն ապօրինաբար յուրացնելու  և Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների հետ առնչություններ ունենալու մեջ: Ընդ որում՝ այն անձինք, ում նկատմամբ կիրառվել են պատժամիջոցները, թվարկվում են հավելվածում: Դրանց թվում են՝ Վիկտոր Յանուկովիչը և նրա որդիներ Ալեքսանդրն ու Վիկտորը, Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան և նրա որդին՝ Ռեգիոնների կուսակցությունից պատգամավոր Անդրեյ Պշոնկան, ՈՒԱԾ նախկին ղեկավարներ Ալեքսանդր Յակիմենկոն և Իգոր Կալինինը, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը, արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նրա որդին՝ Ռեգիոնների կուսակցությունից պատգամավոր Ալեքսեյ Ազարովը, կրթության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը, առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովան և այլն:

Որոշման մեջ նշվում է, որ այս ցուցակում կարող են փոփոխություններ մտցվել՝ համապատասխան հիմնավորումների դեպքում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնել էր կոռուպցիայի մեջ կասկածվող՝ Ուկրաինայի 18 քաղաքացիների նկատմամբ ԵՄ տարածքում տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին ՝ առանց ազգանունները նշելու:

Դրանից մի քանի ժամ առաջ Լատվիայի ԱԳՆ ղեկավար Էդգարս Ռինկևիչսը որոշում էր կայացրել  անորոշ ժամանակով Լատվիա մուտք գործելու արգելք սահմանել ուկրաինացի նախկին բարձրաստիճան 18 պաշտոնյաների նկատմամբ, որոնց ցուցակը լիովին համընկնում է ԵՄ-ի ցուցակին: Փոխանցում է podrobnosti.ua-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ փոխնախագահը դեմ է կառավարման խորհրդարանական համակարգի անցմանը’
Հաջորդ հոդվածը‘Խրիստենկո. Հայաստանը կարող է ՄՄ անդամ դառնալ արդեն այս տարի’