‘ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է Վերաքննիչ դատարան’

1122

ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ վիճարկելով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով մերժվել էր նրա հայցն ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի: Այս մասին panarmenian.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սուրեն Զոլյանը և հավելեց. «Դատավարության ընթացքը և որոշումը չեն համապատասխանում իրար: Դրանք ուրիշ տեղից են գրվել: Դրանք նախարարի և արդարադատության նախարարության հայտարարություններն են»:

Հարցին, թե ի՞նչ է ակնկալում սպասվելիք դատավարությունից, Զոլյանը պատասխանեց. «Առաջին որոշումից հետո մի քիչ հիասթափված եմ, քանի որ դատավորը անօրինականություններ է թույլ տալիս, բայց համոզված եմ, որ հասարակությունը ևս կայացնելու է իր դատավճիռը»:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլի 6-ին ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը և երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի: Այնուհետև ապրիլի 17-ին նա ստացել է երկրորդ նկատողությունը: Նախարարի հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը, խաղալու է այն մարզադաշտում, որտեղ երկար տարիներ խաղացել է իր հայրը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ. Հայրիկյանի գործով բոլոր վարկածները ստուգվում են’