‘«Ես մարդասպան չեմ, ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը». Հարսնաքարի գործով ամբաստանյալ’

1661

Հունիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ բոլոր վեց ամբաստանյալների պաշտպանները բողոք էին ներկայացրել՝ պահանջելով կա՛մ արդարացնել իրենց պաշտպանյալներին, կա՛մ իրավական ճիշտ որակում տալ արարքին:

Նախագահող դատավոր Սերգեյ  Չիչոյանն այսօր հրապարակեց տուժող կողմի ներկայացուցիչների ներկայացրած բողոքը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, տուժող կողմը բողոքարկում է քաղաքացիական հայցի՝ առանց քննության թողնելը, ինչպես նաեւ ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլատրված բացթողումները, որոնց դատարանը չի անդրադարձել եւ չի գնահատել: Մանավորապես՝ բողոքից մեջբերվեցին ամբաստանյալների նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում առկա ակնհայտ հակասությունները, ինչպես նաեւ նշվեց, որ քննության ժամանակ ձեռք վերված ապացույցները բավարար չեն արդար դատական ակտ կայացնելու համար: «Նախաքննական մարմինը թույլ է տվել բազմաթիվ թերացումներ, որոնց դատարանը այդպես էլ չի անդրադարձել»,- նշվում է բողոքում: Մեջբերվեցին նաեւ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատաեր Ռուբեն Հայրապետյանի եւ ռեստորանի տնօրենի ցուցմունքներում առկա հակասությունները: «Հայրապետյանի ցուցմունքից կարելի է եզրակացնել, որ ընդունում է, որ բոլոր վեց ամբաստանյալները մասնակցել են ծեծկռտուքին(Ամբաստանյալներից երեքը պնդում են, որ չեմ մասնակցել-խմբ.)»,- նշվում է փաստաթղթում:

Վերաքննիչ բողքում տուժող կողմի ներկայացուցիչները դատարանի ուշադրությունը հրավիրեցին նաեւ այն հանգամանքի  վրա, որ առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել ամբաստանյալների՝ «Հարսնաքար» ռեստորանի աշխատակից լինել-չլինելու հարցին: «Օրինակ՝ Նորայր Հայրապետյանը սկզբում հայտնել էր, որ այնտեղ չի աշխատում, իսկ ավելի ուշ պնդում էր, որ աշխատում է Ֆուտբոլի ակադեմիայում՝ որպես անվտանգության աշխատակից»,- նշվում է բողոքում: Այնտեղ անդրադարձ է կատարվում նաեւ տուժող կողմի ներկայացրած բազմաթիվ միջնորդությունների մերժմանը, որոնց բավարարման պարագայում հնարավոր կլիներ ամբողջովին բացահայտել հանցագործությունը:

Անդրադառնալով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի եւ Լուսինե Հակոբյանի ներկայացրած բողոքին՝ ամբաստանյալների փաստաբաններ Երեմ Սարգսյանը եւ Մարինե Թովմասյանը միացան միայն դատական ակտի բեկանման պահանջին եւ նոր դատական ակտ կայացնելու անհրաժեշտությանը:

Ամբաստանյալներից Արման Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ ի սկզբանե չի հերքել, որ այնտեղ է գտնվել, սակայն, նրա խոսքով, ներկա լինելը եւ մասնակցելը տարբեր բաներ են: «Ինչ վերաբերվում է մատուցողի՝ Դավիթ Ադամյանի ցուցմունքներին, ապա չպետք է դրանք հաշվի առնել, քանի որ նա դատաքննության ժամանակ նշել է, որ իրեն պարտադրել են իմ դեմ գրել»,- նշեց Արման Խաչատրյանը:

Վահե Ավետյանի սպանությունը իր վրա վերցրած Նորայր Հայրապետյանը իր խոսքում հայտարարեց, որ առաջին դժբախտությունը իր հետ է պատահել: «Ես մարդասպան չեմ, ես զղջում եմ եղածի համար: Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուբեն Հայրապետյանը, այդ մարդը ինչո՞վ է մեղավոր, որ ռեստորանը իրեն է պատկանում: Ի՞նչ միասնական դիտավորության մասին է գնում խոսքը, ես թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես առողջ եմ: Էս տղեքին բա՛ց թողեք, ինձ դատե՛ք, ես մարդասպան չեմ»,- ասաց Նորայր Հայրապետյանը, ում ելույթից հետո դահլիճում նստած ամբաստանյալների հարազատները հուզվեցին:

Գործով դատախազ Մարուխյանի եւ տուժողների ներկայացուցիչների բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 13-ին:

Հ.Գ. Նորայր Հայրապետյանը նշում է, որ զղջում է իր արարքների համար, սակայն դատական ակտի հրապարակման ժամանակ փորձում է հարձակվել տուժողների ներկայացուցիչների վրա՝ դատական նիստերի դահլիճում հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:

Նշենք նաեւ, որ թե՛ ամբաստանյալները, թե՛ իրենց պաշտպանները ամեն կերպ փորձում էին պաշտպանել Ռուբեն Հայրապետյանին եւ նրան դուրս թողնել տեղի ունեցած իրադարձությունների կենտրոնից: Նույն քաղաքականությունը իրականացվել է ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից:   

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Մայմունապետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ. Սպանություններ և զենք կրելու իրավունք’