‘Ես ներողություն խնդրել եմ Փաշինյանից, բայց խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը․ Լուկաշենկո. ՀԺ’

2705

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման «շիլափլավը» սարքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ նա հայտարարել է այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ։ Լուկաշենկոն պատմել է, որ երբ իրեն զանգահարել է Նիկոլ Փաշինյանը, ինքը հարցրել է, թե ինչու է «Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»։

Լուկաշենկոյի համոզմամբ՝ ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձրացնելու համար այն պետք է ղեկավարեն «երիտասարդ, տաղանդավոր գեներալներ»։ Լուկաշենկոն, բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը, ասել է, որ և ՌԴ, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի խոսքով՝ «շիլափլավ սարքելով»՝ ՀՀ վարչապետը դրանով իսկ պետությունների ղեկավարներին ներքաշել է Հայաստանի ներքաղաքական հարցերի քննարկման մեջ։ Միևնույն ժամանակ Լուկաշենկոն ասել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ այդ վեճի համար։ «Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից (Նիկոլ Փաշինյանից), որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նախորդ հոդվածը‘Գանայում տապալել են Մահաթմա Գանդիի արձանը՝ նրան մեղադրելով ռասիզմի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում արգելվել է ևս 26 ռուսաստանյան և խորհրդային գրքերի ներմուծումը’