‘Ես պատրաստ եմ ենթարկվել պատասխանատվության. Կոմիտաս 5-ի գործով տուժող ոստիկան’

988

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Կոմիտաս 5 հասցեում անցած տարի տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող Armenia Today կայքի համակարգող, ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը, որը նախորդ անգամ հետաձգվել էր տուժող Վահան Վրթանեսյանի չներկայանալու պատճառով: Հայտնում է Tert.am-ը: 

Տուժող Վահան Վրթանեսյանն իր ցուցմունքում ասաց, թե 2013 թվականի օգոստոսի 24–ին Կոմիտաս պողոտայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ մի շարք քաղաքացիների հետ Արգիշտի Կիվիրյանը անհնազանդ պահվածք էր ցուցաբերում, չէր ենթարկվում ոստիկանների հրամաններին, երբ վերջիններս նրան հորդորում էին դուրս գալ փողոցի երթևեկելի մասից։

«Ես նրան ուժով նստեցրել եմ ոստիկանության մեքենայի մեջ, նա էլի չէր ենթարկվում, անկանոն շարժումներ էր անում։ Ես նրան ձեռքերով պահում էի։ Կիվիրյանը ոտքերով խփում էր։ Ինձ սեռական բնույթի հայհոյանք տվեց, ասաց՝ կգնաս մորդ ու քրոջդ տենց կհրես … մենք էլ մարդ ենք, ես էլ չդիմացա ու նրան «տականք» ասացի»,- ասաց տուժող ոստիկան Վահան Վրթանեսյանը, ավելացնելով, որ եթե չափն անցել է, ապա պատրաստ է ենթարկվել իրավական պատասխանատվության։

Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին հատուկ գումարտակի, 2-րդ վաշտի, 3-րդ դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանի հաղորդման հիման վրա, թե իբր Արգիշտի Կիվիրյանը հարվածել է նրան և զբաղվել ինքնավնասմամբ՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը:

Նախորդ հոդվածը‘Տ. Սարգսյանը ներկայացրել է ՄՄ-ին անդամակցելիս «զգայուն» ապրանքատեսակների խմբերը’
Հաջորդ հոդվածը‘«Գազպրոմը» վերացնում է Ուկրաինայի գազամատակարարման արտոնությունները’