‘Ես քեզ «բարձրացրել եմ», ես էլ քեզ կփչացնեմ ‘

3173

Այն, որ Սերժ Սարգսյանը քաղաքական մարտավարությունը կառուցում է «բարձրացնել-փչացնել» գործողությունների պլանով՝ թերեւս գաղտնիք չէ: Սովետական պարտշկոլան ու ԿԳԲ-ի դպրոցն անցած Սարգսյանի համար սա սովորական կենսակերպ է դարձել: Սկզբում մի փոքր «փչացնել» որեւէ մեկին, հետո հասկացնել, որ նման «փչացած ապրանք» միայն ինքը կարող է գնել եւ կիրառել, հետո՝ պաշտոն տալ նույն մարդուն, եւ ապա՝արդեն անընդհատ օգտագործել ու փչացնել, օգտագործել ու փչացնել:

Ընդ որում՝ Սարգսյանը չի խորշում այս մեթոդը կիրառել ցանկացածի պարագայում: Նա այդ վերաբերմունքին է արժանացնում ոչ միայն նրանց, ովքեր գոնե այլոց համար իր թիմի անդամներ չեն եղել (Արթուր Բաղդասարյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան եւ այլն), այլեւ անգամ յուրայինների դեպքում՝ Ռուբեն Նեմեց Հայրապետյան, Գագիկ Չոռնի Բեգլարյան, Սուրիկ Լիսկա Խաչատրյան, Վազգեն Խաչիկյան, Ալիկ Սարգսյան, Ալրաղացի Լեւոն Սարգսյան եւ այլն: Այժմ էլ արդեն այդ ցանկին է միացել նաեւ Տարոն Մարգարյանը: Երբ որ Տարոն Մարգարյանի համար Երեւանի ավագանու վերջին ընտրություններում ավելի շատ տոկոսներ նկարեցին, քան՝ Սերժ Սարգսյանի համար, հատկապես երիտՀՀԿ-ականները մի այլ կարգի ոգեւորված հայտարարություններ էին անում՝ «վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետը» խորագրի շրջանակներում: Տարոն Մարգարյանն էլ կարծես կերավ այդ կուտը, թե ինքն այնքան «լավ ու դոբռի տղա է»,  որ իրեն իսկապես ընտրող է եղել: Այնինչ երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, թե Տարոնն ընդամենը խամաճիկ է, հենց ա՛յս օրվա համար էր ասում: «Տարոն, սիրուն չի» օպերացիայով Տարոն Մարգարյանին քարոզչական «մուշտի տալուց հետո» Սարգսյանը եւ նրա թիմը միտումնավոր ընտրություններում «բարձրացրին» Տարոն Մարգարյանին, որովհետեւ ընտրություններից հետո վերջինիս պիտի ավելի շատ փչացնեին: Ու խնդիրն ամենեւին էլ Տարոն Մարգարյանի անձը չէ: Տարոնի փոխարեն կարող էր լինել Լյուդվիգը կամ Արմենը, Նահապետը կամ Գուրգենը: Պարզապես Սերժ Սարգսյանը թողեց , որ ընտրությունների ժամանակ Տարոն Մարգարյանն իրեն դույզն-ինչ լավ զգա, որ հետո ավելի՛ շատ փչացնի, ավելի՛ ցավոտ: Սա հավատարմության ստուգատես չէ, սակայն, սա ընդամենը պարզագույն տեխնոլոգիա է, որի շնորհիվ նա իր թիմում ստեղծում է մի մթնոլորտ,երբ բոլորը բոլորին չեն վստահում, եւ բոլորը փորձում են «պախանի» առջեւ ավելի հավատարիմ ներկայանալ: Սերժ Սարգսյանի կադրային նշանակումները հենց այդ մասին են խոսում: Նա կարող է ցանկացածին նշանակել ցանկացած պաշտոնի՝ ցույց տալու համար, որ ինքը որեւէ մեկի պրոֆեսիոնալ հատկանիշներին որեւէ կարեւորություն չի տալիս: Նա, անշուշտ, Տարոն Մարգարյանի փոխարեն կարող էր մեկ այլ մարդու «նշանակել» քաղաքապետ, ասենք՝ մեկին, ով գոնե առերեւույթ կարող էր իրականացնել քաղաքի մենեջմենթը: Բայց նա քաղաքապետ դարձրեց թաղի տղային, ով ինքն էլ շատ լավ հասկանում է, որ ինքն ամենեւին էլ քաղաքապետացու չէ: Այսինքն՝ բարձրացրեց, շոյեց ինքնասիրությունը, հասկացրեց, որ միայն ինքը կարող է թաղի տղային դարձնել քաղաքապետ, որպեսզի թաղի տղան միշտ իրեն պարտական լինի, ու հետո փչացնել ու փչացնել: Ու միայն քաղաքապետի դեպքում չէ: Նույն տեխնոլոգիայով Սերժ Սարգսյանը նշանակում է ոստիկանապետ, մարզպետ, նախարար, վարչապետ, պատգամավոր: Բոլորը գիտեն, որ իրենք իրենց տեղում չեն, եւ քանի որ ցանկանում են պահել պաշտոնները, ուրեմն պետք է գլխահակ եւ լռելյայն հանդուրժեն իրենց «փչացումները»: Որովհետեւ Սերժ Սարգսյանը փչացնում է ստանդարտ մեթոդաբանությամբ: Ինքն ամեն ինչից տեղյակ է, ինքն է ամեն ինչին տալիս «դաբռո», սակայն երբ իրեն պետք է լինում մաքրվել, նա կազմակերպում է «Տարոն, սիրուն չի» շոու՝ իբր թե ցույց տալու համար, թե ինքը տեղյակ չէր, թե իր թիկունքում չինովնիկները «դավեր են նյութել» ժողովրդի դեմ, եւ ահա եկել է ինքը՝ սպիտակ «կաստյում-շալվարով», ամբողջովին մաքուր ու պուպուշ, եւ հիմա այդ փիս չինովնիկների հախից կգա:

Տեխնոլոգիան, իհարկե, հին է, ու կարելի էր այն սպառված համարել, սակայն՝ ո՛չ Սերժ Սարգսյանի պարագայում: Փորձված թանը, ինչպես ասում են, անփորձ մածունից լավ է:

Ի դեպ, շատերը ասում են, թե Սերժ Սարգսյանը, քաղաքական տրամաբանության փոխարեն, իր թիմը կառավարում է տղայական մեթոդներով: Եթե այդպես համարենք, ապա՝ ավելի վատ: Սեփական թիմի անդամներին փչացնելն ու քցելը ամենեւին էլ «տղայական» կանոններ չեն: Հարցն այլ է այս դեպքում. նրա թիմի անդամներն էլ ոչ միայն քաղաքականով, այլեւ «տղայականով», ըստ էության, զրո են: Որովհետեւ եթե նրանք՝ թիմի անդամները, շարժվում են «տղայական» օրենքներով, ապա ոչ մի «լավ տղա» կյանքում թույլ չէր տա, որ իրեն հրապարակային «ՉՄՈ» դարձնեն:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կրկին արձակուրդում է և կրկին արտերկրում’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի վարչության պետ. «Ասել եմ՝ գնա, ես քու…» ‘