‘Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց` հիշատակելով նաեւ ԼՂ հիմնախնդիրը ‘

1607

Եվրոպական խորհրդարանը երեկ` հոկտեմբերի 23-ի նիստում, կողմ քվեարկեց Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին: «Ազատության» փոխանցմամբ՝ ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք, ըստ Եվրոպական խորհրդարանի, պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

Ընդունված բանաձևի տեքստում նշվում է, որ Եվրամիությունը ավելի ակտիվ պետք է ներգրավվի հակամարտությունների խաղաղ լուծման գործում: Եվրախորհրդարանը հիշեցնում է իր դիրքորոշումը՝ կապված մի պետության կողմից մյուս պետության տարածքների օկուպացման հետ. մասնավորապես, բանաձևի տեքստում ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 4 բանաձևերին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին՝ ամրագրված 2009 թվականի լ՛Աքվիլայի համատեղ հայտարարությամբ:

1993-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը կոչ են անում «դուրս բերել զորքերը Քելբաջարի, Աղդամի և մյուս «օկուպացված» տարածքներից»: Լ՛Աքվիլայի հայտարարությունը իր հերթին հիմնվում է Մադրիդյան սկզբունքների վրա և կոչ է անում վերադարձնելերբեմնի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հարակից տարածքները Ադրբեջանին, տրամադրել Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության երաշխիքներով և ինքնակառավարմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք բացել, ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշել իրավաբանորեն ամրագրված կամքի արտահայտմամբ, հաշվի առնել տեղահանված մարդկանց և փախստականների վերադարձն իրենց բնակության վայրեր և անվտանգության միջազգային երաշխիքներ տրամադրել` խաղաղապահ գործողությունների կիրառմամբ:

Եվրախորհրդարանը վերահաստատում է տարածաշրջանային կայունության և անվտանգության կարևորությունը` որպես Արևելյան գործընկերության նպատակ, կոչ անելով հնարավորինս արագ լուծել տարածքային հակամարտություննները Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում:
Այս բոլոր առաջարկները, սակայն, ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի դեպքում իրավական ուժ չունեն, քանի որ այս երկրների հետ Ասոցացման համաձայնագիրը չի ստորագրվելու: Եվրախորհրդարանի այս առաջարկները որոշակի ազդեցություն կունենային, եթե Հայաստանն ու Ադրբեջանը Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը գոնե մոտ լինեին:
Այդուամենայնիվ, սա մի փաստաթուղթ է, որ ընթերցվել, քննարկվել և ընդունվել է Եվրոպական խորհրդարանում՝ հաշվի առնելով բոլոր կետերն ու մանրամասները:
Բանաձևում նաև մտահոգություն է արտահայտված Ռուսաստանի կողմից գործընկեր երկրների ուղղությամբ տարվող գործողությունների կապակցությամբ, որոնք միտված են ետ պահել նրանց ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական ասոցացումից:
Միաժամանակ, Եվրախորհրդարանը հիշեցնում է, որ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը բացառում են որևէ այլ մաքսային միության հետ միաժամանակյա համագործակցությունը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա Եվրախորհրդարանի բանաձևը ընդունում է արձանագրված առաջընթացը և բարեփոխումները, նկատի ունենալով, սակայն, ժողովրդավարության ոլորտում առկա թերությունները՝ ներառյալ իրավական, դատական ոլորտները, կոռուպցիայի դեմ պայքարը:
Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում համագործակցել Եվրամիության հետ, քանի որ ԵՄ-ն բաց է հետևողական համագործակցության համար:

Նախորդ հոդվածը‘Նախկին դատավորը ԱՄՆ-ում իր ծառայություններն է առաջարկել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Անձնագրային ծառայության աշխատակիցները չարաշահել են պաշտոնեական դիրքը’