‘Եվրախորհրդարանը Նեմցովի սպանությունը քաղաքական է համարում’

925

Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որը Մոսկվային կոչ է անում անցկացնել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության միջազգային անկախ հետաքննություն:

«Եվրախորհրդարանը պահանջում է անցկացնել սպանության միջազգային անկախ հետաքննություն և մնում է այն կարծիքին, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում թույլատրելի գործիքները կարող են ապահովել անաչառ և արդար հետաքննություն»,- ասվում է բանաձևի տեքստում:

Ընդգծվում է նաև, որ «այդ սպանությունը Ռուսաստանում 1998 թ. ի վեր ծայր առած՝ քաղաքական դրդապատճառներով կատարված հանցագործությունների և կասկածելի մահերի շարքից է», և «ռուսաստանյան իշխանությունների կողմից ձևավորված մթնոլորտը պարարտ հող է նախապատրաստել նման սպանությունների, բռնությունների ու բռնաճնշումների համար»: Բանաձևում նաև վերապահում է արվում, թե «Ռուսաստանի և Եվրամիության ռազմավարական շահերը պահանջում են անհապաղ վերացնել լարվածությունը և բնականոն հարաբերություններ հաստատել դիվանագիտության և միջնորդական առաքելության ճանապարհով»:

Փաստաթուղթը պատրաստել են Եվրախորհրդարանի հինգ խմբակցություններ, այդ թվում՝ դրանցից երկու խոշորները՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» և «Սոցիալիստներն ու դեմոկրատները»:

Ավելի վաղ ամերիկյան սենատը միաձայն ընդունել է նույնպիսի բանաձև: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մալաթիա-Սեբաստիա համայնքում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդը դիմել է ՄԻԵԴ’