‘Եվրախորհրդարանը պահանջում է Ասադի հրաժարականը’

1035

Եվրոպայի խորհրդարանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին լիագումար նիստում Սիրիայի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որում կոչ է արվում անհապաղ կասեցնել այդ երկրրում բռնությունը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադին՝ լքել պաշտոնը, հայտնում է ռուսական РИА Новости-ն.

Եվրախորհրդարանականները սիրիական իշխանություններին հորդորում են առանց հապաղելու հետ քաշել կառավարական զորքերը պաշարված քաղաքներից եւ երկիր մուտք գործելու լիակատար արտոնություն տրամադրել միջազգային մարդասիրական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին:

 Բանաձեւում նաեւ ափսոսանք է հայտնվում այն կապակցությամբ, որ ՄԱԿ-ի Անվտանխության խորհրդի անդամները մինչ օրս չեն կարողացել կոշտ բանաձեւ ընդունել Սիրիայում տեղի ունեցող «արյունոտ սպանդը» դադարեցնելու պահանջով, ինչպես նաեւ՝ կոչ է արվում Ռուսաստանին եւ Չինաստանին պատասխանատվություն ցուցաբերել եւ ջակցել համապատասխան փաստաթուղթը (Ռուսաստանն ու Չինաստանը մի քանի անգամ մերժել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ ներկայացված բանաձեւերը-խմբ.):

 Բացի նշվածից, փաստաթուղթը կոչ է անում ԵՄ-ին՝ մեծացնել Ասադի վրչակարգի նկատմամբ ճնշումը «սահմանափակող միջոցառումների» միջոցով՝ ընդունելով նոր պատժամիջոցներ Սիրիայի իշխանություններին ֆինանսապես աջակցող ընկերությունների նկատմամբ:

 ԵԽ բանաձեւը նաեւ կոչ է անում եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնին՝ շարունակել աջակցել սիրիական ընդդիմության միավորմանը, իսկ ԵՄ-ին ընդհանրապես՝ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Սիրիայի բնակչությանը եւ ֆինանսական օգնություն՝ սիրիացի փախստականներին ընդունող հարեւան երկրներին, ինչպիսիք են Թուրքիան, Լիբանանը եւ Հորդանաը:

  Նշենք, որ սիրիական ճգնաժամը սկսվել է 2011 թվականի մարտին: Այդ ընթացքում տարբեր տվյալներով, զոհվել է 8-17 հազար մարդ: Սիրիայի  նախագահ Բաշար Ասադի հակառակորդները նրան մեղադրում են երկրում ժողովրդավարական արժեքները ոտնահարելու եւ սեփական քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելու մեջ: Մյուս կողմից՝ սիրիական կառավարությունն իր ընդդիմադիրներին մեղադրում է պետական հեղաշրջման զինված փորձի եւ ահաբեկչության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳ նախարարը «Սաֆարովի գործը» փակված է համարում’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է ռոք-երաժիշտներին’