‘Եվրամիությունը պատասխան է տվել Յանուկովիչի պահանջներին’

1123

Եվրամիությունը հրաժարվել է փոխել իր պայմանները Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Այդ մասին, ինչպես հաղորդել է Delfi պորտալը, հայտարարել է Դալյա Գրիբաուսկայտեն՝ ԵՄ-ում նախագահող Լիտվայի ղեկավարը: «Ոչ մի գործարքի կամ պայմանավորվածության ուկրաինական ղեկավարության հետ ԵՄ-ն չի գնա»,- ասել է Լիտվայի նախագահը՝ հավելելով, որ մոտեցումը պետք է փոխեն Ուկրաինայի իշխանությունները:

Բացի այդ՝ Բրյուսելը մտադիր չէ Մոսկվային մասնակից դարձնել Կիևի հետ բանակցություններին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: «Մենք հարգում ենք ինքնիշխանությունը: Համաձայնագիրն արդեն քննարկվել էր ինքնիշխան Ուկրաինայի հետ, և երբ մենք պայմանավորվում ենք երկկողմ համաձայանգրի շուրջ, երկուսս էլ պետք է համաձայնենք, որ դա երկկողմ գործ է»,- նրա խոսքն է մեջբերում«Интерфакс»-ը: Միևնույն ժամանակ՝ Բարոզուն չի բացառել եռակողմ բանակցությունները էներգետիկ հարցերի շուրջ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պայմաններ էր առաջ քաշել, որոնց դեպքում Կիևը կհամաձայներ ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Նա խնդրել էր վերացնել Ուկրաինայի, Ռուսաստանի և Մաքսային միության մյուս անդամների միջև եղած տարաձայնությունները և առաջարկել էր բանակցություններ սկսել Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան ձևաչափով: Յանուկովիչը նաև Բրյուսելից պահանջել էր Կիևին հատկացնել 160 միլիարդ եվրո, ինչը, նրա խոսքով, երկրին պետք կլիներ Եվրոպայի հետ ասոցացվելուց հետո, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը’10 ամենաթանկ փողոցները’
Հաջորդ հոդվածը‘Տալլինում ներկայացվել են «Նոր ձայները հայկական կինոյում»’