‘Եվրասիական բանկի գնահատմամբ, ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը կապահովի ՀՆԱ տարեկան 4 տոկոս լրացուցիչ աճ’

932

Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը դրական ազդեցություն կունենա հանրապետության տնտեսության համար: Այդպիսի եզրահանգում է ներառում Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի անցկացրած և ԵԱԶԲ կայքում զետեղված «Հայաստանը և Մաքսային միությունը. Ինտեգրման տնտեսական ազդեցության գնահատում» հետազոտությունը:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետևանքների ազդեցության  թվային վերլուծությունը ցույց է տվել, որ ՄՄ ինտեգրման գործընթացում Հայաստանի ՀՆԱ լրացուցիչ աճը կկազմի տարեկան շուրջ 4 տոկոս: Ուշագրավ է, որ   միայն մեկ տարում ռուսական գազի գների 140 մլն դոլար նվազման առևտրային արդյունքը համադրելի է ՀՆԱ 146 մլն աճի հետ, որը տևական շրջանում երկրի համար կապահովեր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը:

Ընդ որում, կարծում են հետազոտության հեղինակները, ՄՄ-ՄՏՏ Հայաստանի ինտեգրումը նախընտրելի է հանրապետության տնտեսական զարգացման ցանկացած ռազմավարություն ընտրելիս` ինչպես դեպի ներքին պահանջարկի ընդլայնում կողմնորոշվելիս, այնպես էլ զարգացման արտահանմանը կողմնորոշված սցենար ընտրելիս: Դառնալով ՄՄ և ՄՏՏ լիիրավ մասնակից` Հայաստանը կարող է արդյունավետորեն լուծել հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները և դուրս գալ հաստատուն և հաշվեկշռված աճի հետագիծ:

ՄՏՏ միանալուց Հայաստանի հիմնական շահերից մեկը աշխատանքի միասնական շուկա մտնելն է, ընդգծում են վերլուծաբանները: Աշխատանքային միգրացիայի բնագավառի ՄՏՏ համաձայնագրերը նպատակաուղղված են մասնակից պետությունների աշխատանքային ռեսուրսների միավորմանը, ինչպես նաև աշխատանքային ընդհանուր շուկայի ստեղծմանն ու արդյունավետ գործունեությանը: Փոխանցումների 85 տոկոսն այժմ ստացվում է Ռուսաստանի աշխատանքային միգրանտներից (Հայաստանի ՀՆԱ 15 տոկոսը): ՄՏՏ համաձայնագրերին միանալը կապահովի փոխանցումների ծավալի տարեկան 40 մլն դոլարի աճ: Դա կօգնի Հայաստանի վճարային հաշվեկշռի առևտրային հաշվի կայուն ֆինանսավորմանը:

ՄՏՏ-ում ապրանքների և կապիտալի ազատ տեղաշարժի շնորհիվ երկիրը կստանա տարողունակ և պաշտպանված շուկա մուտքի հնարավորություն և միաժամանակ ներդրումների ներհոս այն հատվածներ, որոնք կողմնորոշված են ինչպես դեպի ՄՏՏ, այնպես էլ դեպի երկրի ներքին շուկա: Արդյունքում` զարգացման խթան կստանան Հայաստանի արտահանմանը կողմնորոշված ճյուղերը: Երկիրը կարող է առաջընթանացի հասնել այնպիսի ռազմավարական խնդիրների լուծման առնչությամբ, ինչպես տրանսպորտային մեկուսացման հաղթահարումը և էներգատիկ ներուժի ավելացումը: Հետազոտության հեղինակները Հայաստանում ՄՏՏ երկրների ներդրողների մասնակցությամբ առավել խոշոր հեռանկարային ենթակառուցվածքային նախագծերի շարքն են դասել նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումն ու էներգետիկայի ոլորտի այլ նախագծերի իրացումը, դեպի Իրան երկաթուղու, «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի կառուցումը, Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը Վրաստանի տարածքով:

Հատկապես կարևոր է, որ դրանցում շահագրգռված է ոչ միայն Հայաստանը, այլև ՄՄ-ՄՏՏ մյուս մասնակիցները, քանի որ Հայաստանով դեպի Հարավային Ասիա և Մերձավոր արևելք   երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրամիջանցքների  ստեղծման և զարգացման նախագծերի իրացումն այդ շուկաները կկապի ՄՄ երկրների հետ: Այդ համատեքստում դրական է նաև դեպի Իրան էլեկտրացանցերի կառուցումը:

Վերլուծաբանները նաև դիտարկել են Հայաստանի արտաքին առևտրի ներուժը: Նրանք փաստել են, որ երկիրն ստիպված կլինի էապես բարձրացնել իր շուկայի պաշտպանվածության մակարդակը` մինչև Մաքսային միության մակարդակի (այժմ Հայաստանի ներմուծման միջին հաշվեկշռված  մաքսային սակագինը մազմում է 2,7 տոկոս, իսկ Մաքսային միությունում 2014 թվականին կգործի 6,9 տոկոսի մակարդակի սակագին): Մաքսատուրքերի բարձրացումը կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի կրճատման, սակայն կգործարկի ԱՀԿ շրջանակներում սրբագրման մեխանիզմ, նշվում է հետազոտությունում:

Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը 2006 թվականի հունվարին հիմնադրել են Ռուսաստանն ու Ղազախստանը` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

Նախորդ հոդվածը‘Հայկական պլանշետը՝ առաջին դասարանցիների հիմնական կրթական գործիքը’
Հաջորդ հոդվածը‘Նորակոչիկ զինծառայողին ծեծելու կասկածանքով ձերբակալվել է զորամասի բուժծառայության պետը’