‘Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՀՀ կառավարության հետ հուշագիր կստորագրի ‘

983

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Հայաստանի կառավարության հետ փոխգործակցության հուշագիր կստորագրի, հայտնում է բելառուսական «ԲելաՊԱՆ» գործակալությունը՝ հղում անելով ԵՏՀ մամուլի ծառայության վրա: Ըստ աղբյուրի, կարճատեւ ժամանակահատվածում փաստաթղթի նախապատրաստման պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգշաբթի Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման արդյունքում:  

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները Սարգսյանին ներկայացրել են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի զարգացման առաջնահերթությունները: Նրանք տեղեկացրել են, որ «ԵՏՀ-ն արդեն լուրջ լիազորություններ ունի արտաքին առեւտրի, տեխնիկական կարգավորման ոլորտներում, ձեւավորվում են մրցակցային օրենսդրության բնագավառի իրավասությունները»: Նշվել է, որ դա «համագործակցության նոր պայմաններ կստեղծի Մաքսային միության եւ ԱՊՀ այնպիսի առանցքային գործընկերների միջեւ, ինչպիսին է Հայաստանը»:

Բանակցությունների մասնակիցները նշել են, որ հուշագրի ստորագրումը թույլ կտա առեւտրա-տնտեսական հարցերով պարբերական երկխոսություն կազմակերպել Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների միջեւ:

Ուշագրավ է, որ Վիկտոր Խրիստենկոյի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին  հայաստանյան կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ հուշագրի ստորագրման ծրագրի եւ ընդհանրապես, բանակցությունների մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն չկա: 

Նախորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն կայացրեց պատմական որոշում’
Հաջորդ հոդվածը‘Թիերի Անրին վերադառնում է «Արսենալ»’