‘Եվրոպական դատարանը համասեռականությունը ապաստան տրամադրելու հիմք է ճանաչել ‘

853

Եվրոպական դատարանը որոշել է, որ  ԵՄ-ում ապաստան ստանալու հիմքերից մեկը կարող է լինել համասեռականությունը: Կարգավիճակ ստանալու համար գեյերը և լեսբուհիները պետք է ապացուցեն, որ հայրենիքում իրենց սեռական կողմնորոշման համար բանտարկություն է սպառնում: Ընդ որում՝ ապաստան տրամադրելու հարցը որոշելիս իշխանությունները պետք է առաջնորդվեն ոչ միայն նրանով, թե արդյոք տվյալ երկրում այնպիսի օրենքներ կան, որոնց հիման վրա կարելի է ազատազրկել համասեռականներին, այլև՝ թե արդյոք այդ օրենքները գործադրվում են պարբերական հիմունքներով:

Եվրոպական դատարանն այս որոշումն ընդունել է Սիեռա-Լեոնեից, Ուգանդայից և Սենեգալից երեք փախստականների գործի առնչությամբ, հաղորդում է Associated Press-ը: Նրանք քաղաքական ապաստան էին խնդրել Նիդեռլանդներում՝ պնդելով, որ իրենց երկրներում գործում են  համասեռական կապերն արգելող օրենքներ, և դրանք խախտելու  դեպքում կարող են ենթարկվել պատժի՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Նիդեռլանդների գերագույն դատարանը դիմել էր Եվրոպական դատարանին՝ պարզելու, թե արդյոք համասեռականությունը ապաստան տրամադրելու հիմք կարող է հանդիսանալ:

Նախքան դատարանի որոշումը, որը հրապարակվել է այսօր, Նիդեռլանդների արտաքին գործոց նախարար Ֆրանս Թիմերմանսը հայտարարել էր, որ իր երկիրը ապաստան կտրամադրի ռուսաստանցի գեյերին և լեսբուհիներին, քանի որ այդ երկրում օրենք է ընդունվել  երեխաների շրջանում «համասեռականության քարոզչությունը» արգելելու վերաբերյալ: Թիմերմանսի կարծիքով՝ այդ օրենքը սահմանափակում է գեյերի և լեսբուհիների ազատությունը, ինչպես նաև՝  նպաստում է երկրում այլատյացության մթնոլորտի ձևավորմանը, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կիևում ցույց են անում եվրաինտեգրացիայի հազարավոր կողմնակիցներ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’