‘Եվրոպական մամուլը՝ Հայաստանի հավաքականի հաղթանակի մասին’

2057

Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակը ՖԻՖԱ-ի դասակարգման 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Դանիայի ազգային հավաքականի նկատմամբ՝ մեծ արձագանք է ունեցել եվրոպական էլեկտրոնային և տպագիր մամուլում: Եվ եթե մեզ համար, 2011-ին սլովակների նկատմամբ նույն հաշվով հաղթանակից հետո, այս 0-4-ը նորություն չէր, ապա եվրոպացիները Վարդան Մինասյանի թիմին, Մալթայից կրած խայտառակ պարտությունից հետո, սկսել էին ընկալել որպես նույն Մալթայի կարգի գաճաճ հավաքական:

Սկսենք հենց դանիական մամուլից, որտեղ գրեթե բոլորը համակարծիք են, որ իրենց հավաքականին նոր մարզիչ է պետք, և միայն Էրիկսենն ու Ագերը բավարար չեն, որպեսզի այս հավաքականն ավելի լավ արդյունքներ գրանցի: «Jyllands-Posten-ը», պահանջելով Օլսենի հրաժարականը, համարում է, որ այս պարտությունը հաստատեց դանիական ֆուտբոլի պատմության ընթացքում ամենախորը ճգնաժամի մասին խոսակցությունները: «Metroxpess-ը» մեր հավաքականի կազմից առանձնացնում է Օզբիլիս, Մխիթարյան, Մովսիսյան եռյակին և պարտության ամբողջ պատասխանատվությունը գցում է Օլսենի վրա՝ համարելով, որ իրենց կազմում դեռևս կան բարձրակարգ խաղացողներ, որոնց անհրաժեշտ է ավելի հզոր մասնագետ: «Ekstra Bladet-ն» էլ հրապարակել է «Խորտակվածները» վերնագրով մի հոդված և համարում է, որ 13 տարի հավաքականի ղեկին լինելուց հետո Օլսենն այլևս նոր միտք չի կարողանում հաղորդել իր սաներին:

Բրիտանական մամուլում՝ «Sky Sports-ը» հիշեցնում է մեր հավաքականի՝ սլովակների դեմ նույն հաշվով հաղթանակի մասին, ընդգծում մեր հավաքականի փայլուն մեկնարկը և բացի գոլերից՝ հիշում է նաև Բերեզովսկու փայլուն խաղը հանդիպման երկրորդ խաղակեսում: Իսկ ահա «HTC Sport-ը» անդարադառնում է Մխիթարյանի անհատական որակներին և «Լիվերպուլին» խորհուրդ է տալիս շտապել «Շախտյորի» ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում՝ անկախ նրանից՝ Սուարեսը կլքի թիմը, թե ոչ:

Գերմանական «Bild-ը» Դանիայի ազգային հավաքականի խաղացողներին առաջարկում է արդեն հիմա պլանավորել 2014-ի ամառային արձակուրդները, քանի որ «Դանիացիները սեփական հարկի տակ խայտառակվեցին՝ ֆուտբոլային թզուկ հավաքականի կողմից»:

Իտալական «Rai Sport-ը» գոհունակություն է հայտնում դանիացիների միավոր կորցնելու առիթով, քանի որ այս արդյունքը Սպալետտիի թիմին թույլ է տալիս է՛լ ավելի հանգիստ լինել ԱԱ 2014-ի ընտրական B խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու հարցում:

Իսպանական «Marca-ն» էլ համարում է, որ դանիացիները վերջնականապես կորցրին Բրազիլիա մեկնելու չնչին հնարավորությունները: Մադրիդյան օրաթերթը կարծում է, որ արդեն շատ հեռու է այն ժամանակաշրջանը, երբ դանիացիներն ունեին Միքայել Լաուդրուպի կարգի աստղեր: «Marca-ն» ևս առանձնացնում է մեր Օզբիլիս, Մխիթարյան, Մովսիսյան եռյակին, որոնք «ամբողջ հանդիպման ընթացքում, ծանրաբեռնում էին իրենց մրցակցի պաշտպաններին և ավելի լավ տեսք ունեին»:

Ընդհանրապես՝ եվրոպական տարբեր ֆուտբոլային կայքերում ֆուտբոլասերները հիմնականում ընդգծում են, որ խաղի ելքի վրա մեծապես ազդեց Յուրա Մովսիսյանի՝ 1-ին րոպեին խփած գոլը: Եվրոպական ֆուտբոլային ֆորումներում կարծիք են հայտնում, որ մեր հավաքականում խաղում են երկու-երեք առաջին կարգի խաղացողներ, որոնք ունակ չեն միշտ նման խաղ ցուցադրել, և նրանց անհրաժեշտ են ևս մի քանի բարձրակարգ խաղընկերներ, հատկապես՝ պաշտպանությունում:

Նախորդ հոդվածը‘Վարչապետին դատի են տվել’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանը գիտի իր վրա կրակողի անունը’