‘Եվրոպական ուիքենդ. Կատալոնական ճնշում Տատայի վրա’

968

«Բավարիան» շարունակում է հաղթանակներն ու զուգահեռաբար, որպես Պեպի թիմ կայացումը, «Ռեալը»-ն իր հերթին կարողանում է հաղթել առանց Ռոնալդուի, իսկ մրցաշրջանը փայլուն մեկնարկած «Ռոման» և «Բարսելոնան» հայտնվում են մինի-ճգնաժամի առջև:

Անգլիա

«Պրեմիեր լիգան» գրեթե միշտ եղել է 4, կամ ավելի թիմերի առաջնություն, բայց այս մրցաշրջանում Անգլիայում միևնույն է` առանձնահատուկ հավասար պայքար է ընթանում, որտեղ շարունակում է գերիշխել «Արսենալը»: Վենգերի թիմին կրկին հաղթանակ է պարգևում Ռեմսին, ում գոլերից հետո հերթական հայտնի մահն է գրանցվում, այս անգամ հոլիվուդյան դերասան Պոլ Ուոլկերը: Մեկ այլ Լոնդոնյան թիմ 13-րդ վայրկյանին գոլ է բաց թողնում և միայն «յուրահատուկի» կողմից չգնահատված Մատան է կարողանում փոխել հանդիպման ընթացքն` իր փայլուն փոխանցումներով: Տուրի կետնրոնական՝ «Տոտենհեմ» — «Մանչեստեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվում է ոչ-ոքիով, որտեղ Վիլաշ-Բոաշի սաները ավելի լավ տեսք ունեին, բայց որտեղ Բեյլի պես դրսևորված Ուոլկերի և Սանդրոյի գոլերը բավական չէին հաղթանակի համար:

Լավ մրցարջան անցկացնող «Լիվերպուլը» կրում է մրցարջանում իր երկրորդ պարտությունը, որտեղ Կոլո Տուրեն դրսևորվում է այնպես, ինչպես 1999-ին դրսևորվեց մեկ այլ աֆրիկացի Սամուել Կուֆուրը. Կուֆուրը խոտածածկին էր հարվածում ՉԼ եզրափակչում վերջին վայրկյանների պարտվից հետո: Հնարավոր է Տուրեի «Հալլ Սիթից» կրած պարտությունը չեմպիոնական հույսերի ավարտն էր, քանի որ «Արսենալից» միավորների տարբերությունը հասնում է 7-ի: Մեկ այլ լիվերպուլյան թիմ՝ «Էվերտոնը» հավասարվում է իրենց համաքաղաքացիներին`«Սթոուք Սիթիի» նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակից հետո: Մարտինեսի թիմում փայլում են Դելաֆեուն, ով վերջապես սկսել է ցույց տալ, թե ինչու են իրեն 2-րդ Մեսսի անվանում, և Լուկակուն, ով միջին «Պրեմիեր լիագոյւմ» միջին արդյունավետությամբ գերազանցում է նույնիսկ Անրիին, կամ Վան Նիստելռոյին, բելգիացին գոլի հեղինակ է դառնում յուրաքանչյուր 117 րոպեն մեկ:

Գերմանիա

«Բունդեսլիգայում», իհարկե, բոլորի ուշադրությունը գրանդների`«Բավարիայի» և Դորտմունդի «Բորուսիայի» վրա է, բայց այստեղ գրեթե յուրաքանչյուր տուրում տեղի է ունենում գոնե մեկ խելահեղ արդյունավետությամբ հանդիպում՝ հիմնականում Բրեմենի «Վերդերի» մասնակցությամբ: Առանց Թոմաս Շաաֆի, Ռոբին Դուտի հետ Բրեմենցիները մրցաշրջանում անցկացրին 6-րդ հանդիպումը, որում գրանցվել է 4-ից ավել գոլ:

Իսկ առաջատարները հերթական հաղթանակները տարան, «Բավարիան» կարգի և Ռոբբենի մաշված ծնկների հաշվին 2-0 հաշվով առավելության հասավ Բրաունշվայգի «Այնտրախտի», իսկ «Բորուսիան» հյուրընկալվելիս` 1-3 հաշվով հաղթեց Կլոպի նախկին թիմին` «Մայնցին»:

Իսպանիա

«Լա լիգան» նոր ընթացք է ստանում: Կրիշտիանոյի բացակայությամբ «Ռեալը» հերթական լավ երեկոն է անցկացնում, որտեղ «հեթ-տրիկ» է ձևակերպում Բեյլը, որի խաղի ընթացքում լավագույն գործողությունը Բենզեմային կատարած գոլային փոխանցումն էր: Մադրիդցիները հիանալի ամիս անցկացրեցին, բայց որտեղ նրանք որևէ լուրջ մրցակցի չհանդիպեցին, իսկ Յուվեի դեմ խաղում խաղ վերադարձան միայն Կասերեսի անփույթ սխալից հետո: Երկրորդ Մադրիդի թիմը, որը այս պահին գերազանցում է «սերուցքայիններին»` հերթական կարգի հաշվին հաղթանակն է տանում, որից հետո Սիմեոնեի թիմը միավորներով հավասարվում է մեկ այլ արգենտինացի մասնագետի թիմի հետ:

Կատալոնական գրանդում` ի տարբերություն «Ռեալի», առանց իրենց ոսկու չեն կարողանում: Եթե «Այաքսից» կրած պարտությունը կարելի էր պարզապես վատ երեկո համարել, «Նուեվո Սան Մամեսում» պարզ երևաց, որ Տատայի Բարսան խնդիրներ ունի: Եվ պատճառը այստեղ ո՛չ մրցավարն է՝ ով չի հեռացնում Իտուրասպեին, ո՛չ թաց դաշտը, չնայած շատ է ազդում, հատկապես Նեյմարի խաղի վրա, և ոչ էլ Տատա Մարտինոն, ով շատ ավելի թույլ կազմերով շատ ավելի լավ թիմեր է ունեցել: Որքան էլ որ անհավատալի թվա, բայց ներկայիս Բարսայի հիմնական խնդիրը Չավի-Ինյեստա զույգն է, որը բացի այն, որ «տիկի-տակայից» դուրս Տատայի ուղղահայաց ֆուտբոլում չի կարողանում լավ խաղ ցուցադրել, այլև որևէ կերպ չի մասնակցում թիմային պրեսինգին, ինչը անում էին Տատայի բոլոր նախկին թիմերը: Նեյմարը, Սանչեսը և Սեսկը կրկին լավագույններն են, բայց Չավի Ինյեստայի ներկայությունը այսպիսի ֆուտբոլում կարծես 2 հոգու բացակայություն լինի: Պարտությունից հետո Տատա Մարտինոյի վրա ճնշումն, իհարկե, ավելի է շատանում և կատալոնական Sport-ը լույս է տեսնում «Սա մեր Բարսան չէ» վերտառությամբ: «Ատլետիկը» վաստակում է արժանի 3 միավորը և մտնում է ՉԼ-ի գոտի, որտեղ հայտնվելու համար կպայքարի «Վիլյառեալի» հետ:

Իտալիա

«Սերիա Ա-ում» կա մեկ գրանդ և դա ուշ թե շուտ ապացուցելու էր: Եվ այդքան էլ կարևոր չէ, որ հաղթանակները հաճախ ձեռք են բերվում ահռելի ջանքերի շնորհիվ. այս անգամ Լյորենտեի վերջին րոպեին խփած գոլի. ում մասին իտալական մամուլը խոսում էր, որ բասկ հարձակվողի միակ «ուժեղ» կողմը նրա գեղեցիկ աչքերն են: Այս պահին Յուվեի մրցաշրջանում կենտրոնական հանդիպումը տեղի է ունենալու Ստամբուլում և Կոնտեն դա շատ լավ հասկանում է: Վերջին րոպեին գոլ է խփում նաև «Ռոման», ում խաղը ամենեևին նման չէ մրցաշրջանի սկզբի ֆուտբոլին. Տոտտին կարող է կրկին իրավիճակ փոխել, իսկ մինչ այդ նրան փոխարինած Լյայիչը ավելի շատ է «սուզվում», քան Դի Մարիան:

Վերջապես հաղթանակ է տանում նաև «Միլանը», որտեղ ճիշտ է` իր նախկին մարզավիճակից շատ հեռու, բայց սկսում է լավ ֆուտբոլ ցուցադրել Կական, ով այսպիսի խաղի դեպքում կարող է և երազել «Մունդիալում» հայտնվելու մասին:

Իտալիայում տուրի կենտրոնական խաղը տեղի կունենա այսօր Հռոմում, որի ավարտից հետո հնարավոր է`ավելի լրջորեն սկսվեն Բենիտեսի պաշտոնանկության մասին դեռևս թաքուն խոսակցությունները:

Ֆրանսիա

«Լիգա 1-ի» կենտրոնական նախկին գերիշխողների և ներկայիս արքաների՝ ՊՍԺ — «Լիոն» խաղում այդպես էլ պայքար չի նկատվում: Եվ Բլանի թիմը 4-0 հաշվով ջախջախում և վերահաստատվում է առաջատարի դիրքում: Իսկ Իբրահիմովիչը որոշում է շարունակել իրեն դրսևորվել որպես ամենայուրահատուկ հարձակվող և իր 11 մետրանոցից գոլը «նվիրում» է Պանենկային, Զիդանը օրինակ` նման հարվածից հետո մոտ էր ձախողմանը:

Միշել Տեր-Զաքարյանի «Նանտն» էլ հերթական մինիմալ հաշվով պարտությունն է կրում, որը նրանց իջեցնում է 6-րդ հորիզոնական, իսկ ՉԼ-ի մասին երազանքը սկսել էր բավականին մոտ թվալ:

 

Նախորդ հոդվածը‘Համացանցում է հայտնվել ուկրաինական ոստիկանների վայրենությունների մասին վկայող տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը դատապարտում է իշխանության հակաօրինական գործողությունները’