‘Եվրոպական ուիքենդ. «Ռոման» առանց լավ խաղի էլ է կարողանում հաղթել, իսկ ՄՅՈՒ-ն՝ ոչ մի կերպ’

1154

Գոլառատ խաղերով, հիանալի գոլերով և շրջադարձներով հագեցած ուիքենդ, որն սկսվեց ձանձրալի «Ռոմա» — «Նապոլիով» և Կիսլինգի «ուրվական գոլով»..

Անգլիա

«Պրեմիեր լիգայի» մրցաշարային աղյուսակը շարունակում կտրուկ տարբերվել մրցաշրջանի մեկնարկից առաջվա կանխատեսումներից, որտեղ գլխավոր իրադարձությունը «Յունայթեդի» ճգնաժամն է:

Մոյեսը, այո, հե՛նց Մոյեսը, ոչ թե «Յունայթեդը», հերթական միավորներն է կորցնում՝ հերթական դժգույն խաղն անցկացնելով: Ակումբիերկրպագուներնայլևս չեն դիմանում, խաղացողները, ինչպես երևում է Վան Պերսիի խոսքերից, նույնպես ոչ մի կերպ չեն հասկանում մարզչին: Բայց ի՞նչ կարելի է անել: Պաշտոնանկ անել մի մարզչի՝ընդամենը 2 ամիս աշխատանքից հետո, ով եկել է փոխարինելու Ֆերգյուսոնին՝ սխալ կլինի, ավելի երկար դիմանալ նույնպես բարդ է: Այս ամենը ավելի է նյարդայնացնում հատկապես այն բանից հետո, երբ բոլոր անգլիական գրանդները կարգավորում են իրենց խաղը: «Արսենալը»կրկին հիանալի է, այստեղ ընգծված են մրցաշրջանի գլխավոր աստղերը՝ Օզիլ, Ռեմսի, Ուիլշեր, ովքեր այսպիսի խաղով ունակ են թիմին չեմպիոնության հասցնել, որի մասին «զինագործների» երկրպագուները դեռևս թաքուն են խոսում: Իրականում չեմպիոնության համար բոլոր նախանշանները կան, ուղղակի ցանկություն չկա, ինչպես, օրինակ,  «Ռոմայի» դեպքում՝ «աչքով տալ» «Արսենալին»: «Նորվիչի» նկատմամբ հաղթանակից հետո Վենգերի թիմը, օգտվելով «Լիվերպուլի» միավորների կորստից՝ ևս մեկ թիմ, որը կարողունակ է ավելացնել, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Չելսին» է, որտեղ վերջապես գոլի հեղինակ է դառնում ոչ թե պաշտպան կամ կիսապաշտպան, այլ հարձակվող՝ Էտո’օն, ում գոլը ստիպում է Տորեսին կրկին մտորել Մոույի հետ իր ապագայի մասին: Ի դեպ՝ «յուրահատուկի» մասին. նա կրկին հեռացվում է, ինչն արդեն շատ վաղուց սովորական է դարձել: Լոնդոնում աշխատող մեկ այլ պորտուգալացի՝ Վիլաշ Բոաշը ևս, սկսում է կարգավորել իր գործերը հրաշալի Սոլդադոյի շնորհիվ: Այսօրվա «Պրեմիեր լիգայում» «Տոտենհեմը» կարող է և պետք է պայքարի ՉԼ որակավորվելու համար:

Արդյունքներ

«Նյուքասլ» — «Լիվերպուլ» 2-2

«Արսենալ» — «Նորվիճ Սիթի» 4-1

«Չելսի» — «Քարդիֆ Սիթի» 4-1

«Էվերտոն» — «Հալ Սիթի» 2-1

«Մանչեստեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն» 1-1

«Սթոք Սիթի» — «Վեսթ Բրոմվիչ» 0-0

«Սուոնսի» — «Սանդերլենդ» 4-0

«Վեսթ Հեմ» — «Մանչեստեր Սիթի» 1-3

«Աստոն Վիլա» — «Տոտենհեմ» 0-2

Գերմանիա

Երբ 1989-ին չիլիացի Ռոբերտո Ռոխասը Բրազիլիայի դեմ խաղում կատարեց սպորտի պատմության ամենատգեղ արարքներից մեկը, մեկնաբանները հարցնում էին. «Իսկ որտե՞ղ է ՖԻՖԱ-ն, որտե՞ղ է Ժոաո Ավելանժը»: Այժմ պահն է հարցնել, թե որտե՞ղ է ՈՒԵՖԱ-ն կամ Պլատինին, չէ՞ որ «Հոֆենհայմի» խաղացողները որևէ մեղք չունեն, որ դեպքը տեղի ունեցավ նրանց հետ, այլ ոչ թե, օրինակ, Եվրոպայի առաջնության խաղերից մեկում, որտեղ այսպիսի գոլի հնչեղությունը շատ ավելի մեծ կլիներ: Ֆուտբոլին անհրաժեշտ են կրկնապատկերներ, որքան հնարավոր է՝ շուտ, և Պլատինին դա շատ լավ գիտի:

Ցանկություն չկա համեմատել Կիսլինգի «ուրվական գոլը» Ռոխասի արարքի հետ, բայց գերմանացի հարձակվողի արձագանքը նրա հարվածից հետո նույնպես անցնում է սպորտային խաղի սահմանները: Կիսլինգը երևի թե միակն էր, ով հստակ տեսել էր, թե իրականում ինչ է տեղի ունեցել , բայց լռեց: Այստեղ մի կողմ պետք է թողնել նրա ներողությունները խաղից հետո (իսկ կա՞ ինչ- որ մեկը, ով մտածում էր,թե նա ներողություն չի խնդրի նման հնչեղությամբ սկանդալից հետո):  Արդյունքում՝ «Բայերը» հենց այս գոլի շնորհիվ նվաճեց 3 միավոր, բայց Գերմանիայում գրեթե բոլորը միակարծիք են՝ խաղը պետք է վերախաղարկվի, իսկ Կիսլինգը, ցանկալի է՝ որակազրկվի: Սա՝ գերմանացիների մասին, որտեղ այս պահին «հրամայում» է օտար՝ կատալոնցի:

«Մայնցի» դեմ խաղում «Բավարիան» զարթնում է և միանգամից փոխում խաղի ընթացքը երկրորդ խաղակեսի առաջին րոպեների ընթացքում. Մյուլերի առաջին գոլին նախորդող փոխանցումներին նույնիսկ այսօրվա Բարսան կարող է նախանձել: Հանդիպման ելքը վճռված է, բայց Պեպը, չգիտես ինչու, որոշում է, որ պետք է օգտվել պահից և ցույց տալ, որ այստեղ ինքն է որոշումներ կայացնում: 81-ին մյունխենցիները վաստակում են 11 մետրանոցի իրավունք, Ռոբենը վերցնում է գնդակը, բայց Պեպը ցանկանում է, որ այն Մյուլերն իրացնի, ափսոս միայն, որ Ռոբենը կարող է և իրեն թույլ տալ ՝ ցուցադրաբար չհամաձայնել և բորբոքվել: Էֆենբերգը խաղից հետո կտրուկ է. «Սա խաղացողին բացահայտ նվաստացման դրսևորում էր»:

Դորտմունդի «Բորուսիան» ևս հաղթում է, բայց «Արսենալի» դեմ չափազանց դժվար խաղեր են սպասվում, որտեղ կարող է երևալ Կլոպի թիմի իրական պոտենցիալն ու կանխորոշել մրցաշրջանը:Մինչ այդ երևում է, որ թիմը դեռ հեռու է անցյալ խաղաշրջանի խաղամակարդակից, որի մեկնարկում «Բորուսիան» նույնպես առանձնակի լավ խաղ չէր ցուցադրում: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, Հենրիխը հերթական միջակ խաղն անցկացրեց, ինչը նրան դեռ կներվի:

Արդյունքներ

«Հոֆենհայմ» — «Բայեր 04» 1-2

«Բավարիա» — «Մայնց» 4-1

«Բորուսիա Դորտմունդ» — «Հանովեր 96» 1-0

«Այնտրախտ» Բրաունշվեյգ — «Շալկե 04» 2-3

«Այնտրախտ» — «Նյուրնբերդ» 1-1

«Վերդե» — «Ֆրայբուրգ»

«Հերտա» — «Բորուսիա Մյունխենգլադբախ» 1-0

«Համբուրգ» — «Շտուտգարտ» 3-3

«Աուգսբուրգ» — «Վոլսֆսբուրգ» 1-2

Իտալիա

«Ռոմա» — «Նապոլին»՝ ամբողջ Եվրոպայի կենտրոնական խաղը, չի ստացվում: Միգուցե պատճառը Տոտտիի՝մեկնարկում ստացած վնասվածքն է, իսկ միգուցե խաղացողների մի մասի հոգնածությունը ազգային հավաքականների խաղերից հետո: Ամեն դեպքում՝Ռուդի Գարսիայի «Ռոման» սովորականի պես չի փայլում: Եվ եթե չլիներ դարպասային գծի մոտ Դե Ռոսսիի հերոսությունըկամ Ինսինյեի անփութությունը Դե Սանկտիսի դեմ, «Ռոման» կարող էր նաև պարտվել առաջին խաղակեսից հետո: Բայց «Նապոլիի» դեմ խաղը հենց այն հանդիպումներից էր, որտեղ եթե արդյունք լինի, ամեն ինչ կմոռացվի: Հաղթանակի համար «ջյալոռոսիներից» ավելի բան չպահանջվեց, քան իրացնել մեկ տուգանային, մեկ 11 մետրանոց և «Նապոլիից» ավելի համբերատար լինել:

Շաբաթ օրն առանց Բալոտելլիի, բայց Կակայով՝ «Միլանը», Բիրսայի գեղեցիկ հարվածի շնորհիվ (ընդհանրապես՝ այս ուիքենդը հարուստ էր այդպիսիներով) 3 միավոր է վաստակում «Ուդինեզեի» դեմ խաղում:

Իսկ ահա կիրակի օրը «Սերիա Ա-ում» գրանցվում է թերևս մինչ այս պահը՝ մրցաշրջանի շրջադարձը: «Յուվենտուսը» Տևեսի կասկածելի 11 մետրանոցից և Պոգբայի դեռևս կարճատև կարիերայի ամենահեշտ հարվածից հետո 0-2 հաշվով գնում է ընդմիջման՝ կարծես արդեն մտածելով «Ռեալի» դեմ խաղի մասին: Բայց ընմիջումից հետո «մանուշակները» որոշում են, որ եթե այս մրցաշրջանում «Ռոման» է գերիշխում, ինչո՞ւ չջարդել Յուվեի վերաբերյալ մեկ այլ հին կարծրատիպ՝ «թուրինցիներին հնարավոր չէ հաղթել խաղի ընթացքում պարտվելիս»: Սկզբում Ռոսսին իրացնում է Տևեսի նկատմամբ խախտումից շատ ավելի ճշմարտացի 11 մետրանոցը: Իսկ հետո նույն Ռոսսիի (ով կարող էր խաղալ նույն Յուվեում կամ Բարսայում, եթե չլինեին երկարատև վնասվածքները) սովորական հարվածի ժամանակ սխալվում է Բուֆոնը. «դարպասապահի գոլ», որից հետո փլուզվում է Յուվեի ամբողջ պաշտպանությունը: «Ֆիորենտինան» խաղի մեջ է, և նույնիսկ Կոնտեի գործողությունները՝ Վիդալին դաշտ է դուրս բերում որպես փրկիչ և ոգևորում է ինչպես միշտ, չեն օգնում չեմպիոնին: Ընդամենը 1 րոպե հետո հաշիվը 2-3 են դարձնում իսպանացիներ Բորխա Վալերոն և Խոակինը:Կոնտեն ցնորված կանչում է Ջիովինկոյին, Յուվեն անցնում է դրիքային գրոհի և բաց է թողնում որոշիչ հակագրոհ, որն ավարտվում է Ռոսսիի «հեթ-տրիկով»:

Տուրի վերջին խաղում «Ինտերը» ևս հետևում է  տուրի տենդենցներին՝ գոլառատ խաղ, շրջադարձ և վերջին րոպեին գոլ, և միավորներ է կորցնում «Տորինոյի» դեմ խաղում: Մացարիի թիմն այս պահին 5-րդ տեղում է, բայց կան նաև լավ երևույթներ՝ Կամբյասոն, Պալասիոն և Գուարինը ժամանակ առ ժամանակ դրսևորվում են որպես թոփ կարգի խաղացողներ:

«Սերիա Ա-ն» պայքարի և հետաքրքրության առումով այս պահին առաջինն է ամբողջ Եվրոպայում:

Արդյունքներ

«Ռոմա» — «Նապոլի» 2-0

«Կալյարի» — «Կատանյա» 2-1

«Միլան» — «Ուդինեզե» 1-0

«Ատալանտա» — «Լացիո» 1-0

«Ֆիորենտինա» — «Յուվենտուս» 4-2

«Ջենոա» — «Կիևո» 2-1

«Վերոնա» — «Պարմա» 3:2

«Լիվորնո» — «Սամպդորիա» 1:2

«Սասսուոլո» — «Բոլոնիա» 2:1

«Տորինո» — «Ինտեր» 3-3

Իսպանիա

Անչելոտիի «Ռեալը» նորից առանց «ուղեղի» է խաղում. Օզիլի մասին դժվար է մոռանալը, բայց այս անգամ կան քաղցած Մորատան և լավ հակագրոհներ: «Սերուցքայինների» գլխավոր խնդիրը շաբաթ երեկոյան Վիլի Կաբալյերոն է, ով եթե մի փոքր հաճախ այսպիսի երեկոներ անցկացնի, կմեկնի «Մունդիալ»: Դի Մարիայի՝ գոլի վերածված փոխանցման և Բեյլի սիմուլյանտությանը հետևած 11 մետրանոցի արանքում արգենտինացին 5, 6 անգամ անհավանական «սեյվերով» «Մալագային» պահում է խաղի մեջ: Մադրիդը հաղթում է և «սուպերկլասիկոյից» առաջ մոտենում Բարսային:

«Երբեմն դու ոչ-ոքի ես խաղում». սրանք Տատայի խոսքերն են «Օսասունայի» դեմ 0-0 ավարտված խաղից հետո: Պարզ միտք, որն իրականում ուղղված է կատալոնցի լրագրողներին՝շատ հստակ ենթատեքստով: «Ես այստեղ եմ տիտղոսների,այլ ոչ թե ռեկորդների համար»: Բայց եթե ամեն դեպքում 0-0-ին չվերաբերվենք որպես սովորական միավորների կորուստ, պետք է ասել, որ Չավին և Ինյեստան վատ մարզավիճակում են՝ անդադար ձախողում են խաղը սրելու փորձերը, Մոնտոյան շատ հեռու է Ալվեսին փոխարինելու համար, իսկ մրցավարները Նեյմարի դեմ խախտումներն անտեսում են: Միգուցե միավորների կորուստը նույնիսկ ավելի օգտակար կլինի «Միլանի» և «Ռեալի» դեմ խաղերից առաջ, հատկապես այն դեպքում, երբ 1 միավորը Տատային օգնում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

«Ատլետիկոն» Բարսայից ավելի բարդ հանդիպում է անկացնում: Ագիրեն Սիմեոնեի սաների սադրանքներին չի ենթարկվում, իսկ Դիեգո Կոստան շաբաթ կեսգիշերին ավելի շատ մտածում է Իսպանիայի հավաքականում խաղալու, քան «Պրիմերան» գլխավորելու հնարավորության մասին:«Ատլետիկոն» կրում է մրցաշրջանում առաջին պարտությունը՝ 0-1, և «սուպերկլասիկոն» է՛լ ավելի կարևոր է դարձնում:

Արդյունքներ

«Ռեալ Մադրիդ» — «Մալագա» 2-0

«Վալենսիա» — «Ռեալ Սոսյեդադ» 1-2

«Օսասունա» — «Բասելոնա» 0-0

«Էսպանյոլ» — «Ատետիկո Մադրիդ» 1-0

«Գրանադա» — «Խետաֆե» 0:2

«Ալմերիա »- «Ռայո Վալյեկանո» 0:1

«Բետիս» — «Էլչե» 1:2

«Վալյադոլիդ» — «Սևիլյա» 2-2

Ֆրանսիա

Ֆրանսիայում, բացի երկու «հարուստներից»՝ կան ևս երկու հետաքրքրիր, առաջին հերթին՝ «մարզչական թիմեր»՝ «Լիլն» ու «Նանտը», առաջինը մի 3 մրցաշրջան առաջ էր դարձել «չեմպիոն», իսկ երկրորդի չեմպիոնությունից անցել է արդեն 12 տարի: Չեմպիոնության մասին նույնիսկ մտքերն են ավելորդ: «Նանտը» միշտ հայտնի է եղել իր տաղանդներով՝ Դեշամից մինչ Մակելելե, բայց այս թիմում գլխավոր աստղը ոչ Ֆիլիպ Ջորջևիչն է, ոչ էլ, օրինակ, Արիստեգիետան: Սա, առաջին հերթին, Միշել Տեր-Զաքարյանի թիմն է, ով երկրորդ անգամ է աշխատում իր հարազատ ակումբում:

Բայց եթե ձեզ Թոփ 5 առաջնություններից, օբյեկտիվ պատճառներով, ամենաթույլը համարվող «Լիգա 1-ից» հետաքրքրում են միայն ՊՍԺ-ի և «Մոնակոյի» խաղերը, ապա «Մոնակոյի» սայթաքումից հետո ՊՍԺ-ն իր հաղթանակի շնորհիվ վերջապես հայտնվեց այնտեղ, որտեղ պետք է որ գտնվի նաև առաջնության ավարտին: Հետաքրքիր կլինի հետևել, թե ինչի են ընդունակ Բլանի սաները ՉԼ-ում, իսկ մինչ այդ նրա աստղերը՝ Զլատանն ու Կավանին, մեկ հանդիպման ընթացքում խփում են, հնարավոր է՝ նաև տարվա ամենագեղեցիկ գոլերը: Մենք արդեն զգուշացրել էինք, որ այս ուիքենդն առանձնապես գեղեցիկ էր ստացվել:

Արդյունքներ

«Նիս» — «Մարսել» 1-0

«Ռեյմս» — «Թուլուզ» 1-2

ՊՍԺ — «Բաստիա» 4-0

«Այաչո» — «Նանտ» 0-1

«Էվիան» — «Գենգամ» 1-2

«Մոնպելյե» — «Լիլ» 0-1

«Ռեն» — «Վալենսիեն» 2-2

«Սոշո» — «Մոնակո» 2-2

«Սենտ-Էտիեն» — «Լորիան» 3-2

«Լյոն» — «Բորդո» 1-1

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ը նաեւ վոլեյբոլում է ինքնակոչ ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Երկիրը երկի՞ր է. օրինաչափություն եւ կամք’