‘Եվրոպական ուիքենդ. «Ռոման» շարունակում, իսկ Մխիթարյանը վերադարձնում է իր փայլը’

1776

Եվրոպական թոփ-առաջնությունների ոչ միայն տուրի, այլև մրցաշրջանի առաջին հատվածի կենտրոնական խաղը տեղի ունեցավ «Կամպ Նոու» մարզադաշտում: Բայց «սուպերկլասիկոյին» կանդրդառանանք առանձին: Իսկ ՄՅու-ի հաղթանակի, Տորեսի արկածների և «Ռոմայի» ռեկորդների մասին` հաջորդիվ:

Անգլիա

«Պրեմիեր լիգան» գրեթե միշտ համարվել է ամենախելահեղը, բայց այստեղ 2000-ից հետո երբեք այսպիսի խառնաշփոթ չի եղել: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Արսենալն» ու «Լիվերպուլը», թիմեր, որոնք շատերի կարծիքով, չպետք է մրցաշրջանի վերջում հայտնվեին նույնիսկ ՉԼ-ի գոտում: «Արսենալը» դժվարին 3 միավոր վաստակեց «Կրիստալ Պելեսի» դեմ խաղում, որտեղ լավագույնները դարպասապահ Շեսնին ու Վենգերն էին, ով կարողացավ ճիշտ վերադասավորել կազմը Արտետայի վնասվածքից հետո: Լոնդոնցիները ամեն դեպքում լավ մրցաշրջան են անցկացնում և սպասվածից շատ ավելիին կարող են հասնել, միայն թե ՉԼ-ում «մահվան խմբից» «փլեյ-օֆֆ» որակավորվելը չափից շատ ուժեր չխլի: Իսկ ահա Ռոջերսի «Լիվերպուլում» լավագույնը Լուիս Սուարեսն է, ով իր կողքին ունի հրաշալի մարզավիճակում գտնվող Սթարիջ: Առաջինը նախ իրեն դրսևորում է որպես Մեսսի ու նաև գլխով հարվածում է ավելի հեռվից, քան շատերը կհարվածեին ոտքով: Իսկ Սթարիջը գնդակը միգուցե ավելի լավ է կախում, քան Ալեքսիս Սանչեսը:

Ճիշտ է, կրկին բազմաթիվ դժվարություններով, բայց հաղթանակ տարավ նաև «Մանչեստեր Յունայթեդը»` խաղի ընթացքը փոխելով երկու անգամ: Մոյեսի սաները տառապում են «Սթոուք Սիթիի» հակագրոհների ժամանակ, բայց նախ` Ռունին անկյունայինից, իսկ հետո Չիչարիտոն՝ կրկին գլխով հարվածով հաղթանակ պարգևեց Մոյեսին, ով այս հաղթանակով մի փոքր շնչելու օդ է ստանում: Շատ կարևոր է, որ այն չսպառվի մինչ ձմռան տրանսֆերային պատուհանը, որտեղ նոր և կարգով բարձր խաղացողների ձեռքբերումը, պարզապես անհրաժեշտություն է:

Իսկ ահա տուրի կենտրոնական՝ «Չելսի» — «Մանչեստեր Սիթի» խաղում, հաղթում են «ազնվականները» Նաստասիչի և Հարտի կազմակերպած «ինքնասպանությունից» հետո, որը հնարավորություն է տալիս Տորեսին այնպես կանգնել երկրպագուների առջև, կարծես նա այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողն է:

Իսպանիա

Պրիմերայում ինչ էլ որ կատարվեր, բոլորը միևնույն`է խոսելու էին «սուպերկլասիկոյի» մասին: Մենք ևս կխոսենք նրա մասին, բայց թե ինչպես Տատան, որը, ըստ Անչելոտտիի, գաղափար չուներ թե ինչպես է աշխատում եվրոպական ֆուտբոլը, հաղթեց իտալացուն մարզչական խաղում, կանդրադառնանք առանձին:

Մնացած խաղերում փայլուն Ջովանի դոս Սանտոսով «Վիլյառեալը» ամեն առումով մի քանի գլուխ բարձր գտնվեց «Վալենսիայից» փոքր դերբիում և պահպանեց իր տեղը ՉԼ-ի գոտում: «Դեղին սուզանավները» նման խաղամակարդակը պահպանելու դեպքում իրական հնարավորություն կունենան հայտնվել ՉԼ-ում, իսկ այս պահի խաղի որակով նրանք արժանի էին լինել նույնիսկ 3-րդ տեղում:

Տուրի վերջին խաղում էլ «Ատլետիկոն» խփեց «Լա լիգայի» պատմության ընթացքում իր ամենաարագ գոլը, իսկ հետո Վիլյան փորձեց Դել Բոսկեին ապացուցել, որ իսպանացիները իր խաղընկերոջ՝ Դիեգո Կոստայի կարիքը չունեն:

Եվ եթե հետաքրքրում է, Իսպանիայում շարունակում է անհավանական ձևով խաղեր փչացնել մրցավար Մունյիս Ֆերնանդեսը: Այս անգամ նրա կողմից հերթական անգամ հորինված 11 մետրանոցը սկիզբ դրեց «Էսպանյոլի» ջախջախմանը «Լևանտեի» դեմ խաղում:

Իտալիա

«Սերիա Ա-ի» այս տուրը կրկին հագեցած է գոլառատ հանդիպումներով, կարմիր քարտերով, և անակնկալներով: Միակ բանը, ինչը որևէ կերպ չի ավարտվում դա «Ռոմայի» հաղթանակների շարքն է, նույնիսկ առանց Տոտտիի և 10 հոգով մնալուց հետո: Ռուդի Գարսիայի թիմը հաջորդ տուրում հաղթանակից հետո կարող է գրանցել 10 խաղ ձգվող հաղթանակների շարք, մի բան, որ չի եղել ամբողջ «Սերիա Ա-ի» պատմության ընթացքում:

Այլ խաղերում «Նապոլին» Իգուաինի 11 մետրանոցների շնորհիվ հերթական 3 միավորն է վաստակում, իսկ մեկ այլ առաջատար՝ «Յուվենտուսը» ապացուցում է որ ՉԼ-ում մրցավարների պատճառով կրած պարտությունը նրանց չի կոտրել, և նրանք մինչև վերջ պատրաստ են պայքարել «Սկուդետտոյի» համար: Չնայած շատերը կպնդեն որ «Ջենոայի» նկատմամբ հաղթանակում մրցավարի գործոնը, Տևեսի խաղից պակաս չէր:

Ճգնաժամից դուրս չի կարողանում դուրս գալ «Միլանը», որը «Պարմայի» դեմ խաղում վատ տեսք չուներ, բայց չափազանց խոցելի էր պաշտպանությունում:

Գերմանիա

«Արսենալի» դեմ խաղում խփած գոլը վերադարձնում է Հենրիխ Մխիթարյանի վստահությունը, ով մինչ այս պահը «Բորուսիայի» համար մրցաշրջանի ամենասկզբունքային խաղում ստանձնեց առաջատարի դերն ու ստեղծեց երկու գոլ «Շալկե 04»-ի դարպասին: Մի քանի անհաջող խաղերից հետո Մխիթարյանը կրկին ստիպեց մոռանալ Գյոտցեի մասին, ով ի դեպ, սկսել է լավ մարզավիճակ ձեռք բերել Գվարդիոլայի մոտ:

«Բավարիան» հերթական հաղթանակը տարավ այնպիսի խաղում, որտեղ «Հերտան» ցույց տվեց բավարացիները թույլ կողմերը պաշտպանությունում, բայց միևնույն է`չդիմացավ Պեպի «տիկի-տակային»: 3-2 և Ռիբերին անպարտելի խաղերի քանակով «Բունդեսլիգայի» նոր ռեկորդ է սահմանում:

Եթե «Բորուսիան» շատ չտանջվի ՉԼ-ում, նոյեմբերին մենք ականատես կլինենք «Բունդեսլիգայի» կենտրոնական խաղին, որտեղ Կլոպը, թվում է, միակն է, ով կարող է վերջ դնել Ռիբերիի և Պեպի գերհզոր թիմի հաղթարշավին:

Ֆրանսիա

Ֆրանսիայում Ռանիերիի «Մոնակոն» տուրի կենտրոնական խաղում առանց որևէ լուրջ դիմակայության հաղթում է «Լիոնին» և, օգտվելով ՊՍԺ-ի սայթաքումից, հավասարվում է նրանց մրցաշարային աղյուսակում:

Այս տուրում միավորներ է կորցնում Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը», որը այնուամենայնիվ շարունակում է մոտ գտնվել առաջատարներին և ունակ է հայտնվել «Եվրոպայի լիգայի» գոտում:

Նախորդ հոդվածը‘Նախարար. Աղքատության մակարդակը Հայաստանում ամենաբարձրն է տարածաշրջանում’
Հաջորդ հոդվածը‘Մերի. Բաքուն ցույց է տալիս եվրոպական և ամերիկյան գերակայությունների անըմբռնողությունը’