‘Եվրոպական ուիքենդ. Սուարեսը «Լիվերպուլին» բարձրացնում է ամենավերև. Պալասիոյի կրունկն էլ որոշում է դերբիի հաղթողին’

1649

Անգլիական «Բոքսինգ դեյսի» ընթացքում, հնարավոր է՝ նաև մինչ այդ, «Պրեմիեր լիգայի» մրցաշարային աղյուսակում դեռևս շատ վերադասավորումներ կկատարվեն, իսկ ահա «Բունդեսլիգան», «Լիգա 1-ը», «Սերիա Ա-ն» և «Լա լիգան» հանգստի են գնում այնպիսի տեսքով, ինչպիսին, շատ հնարավոր է, կունենան մրցաշարջանի ավարտին, չնայած վերջինի հարցում մրցավարները դեռ ունակ են շատ բան փոխել այդ հարցում:

Անգլիա

«Եթե ՖԻՖԱ-ն վերաբացի «Ոսկե գնդակի» համար քվեարկությունը, Դիեգո Կոստան կպայքարի նրա համար»՝ սրանք Դիեգո Սիմեոնեի խոսքերն են, որոնք ևս մեկ անգամ խոսում են այն մասին, որ այս տարվա լավագույն խաղացողի կրիտերիաները բավականին հեռու են «տարվա լավագույն խաղացող» ձևակերպումից, և եթե առաջնորդվենք այդ սկզբունքով, «Ոսկե գնդակին» այս պահին ամենից շատ արժանի է Լուիս Սուարեսը, ով շատ ավելի հզոր պաշտպանների դեմ է «հեթ-տրիկներ» և «դուբլեր» ձևակերպում, քան Լյուստիգը կամ Օլսոնն են:

Ինչևէ, նրա գոլերը, որոնք այս անգամ պակաս գեղեցիկ չէին և 15-20 մետր ավելի հեռվից էին սովորական «9-ի» գոլերից, օգնեցին «Լիվերպուլին», մինչ «Արսենալ» — «Չելսին» վերադարձրին «Պրեմիեր լիգայի» առաջատարի դիրքը: Բացի այդ՝  ուրուգվայցին դարձավ առաջին խաղացողը, ով «Պրեմիեր լիգայի» 4 խաղերում անընդմեջ դարձել է 2 և ավելի գոլերի հեղինակ, բացի այդ՝ նա դարձավ առաջինը, ով մեկ ամսվա ընթացքում դարձել է 10 գոլի հեղինակ:

Այլ խաղերում վերջապես լավ մարզավիճակ ձեռք բերած «Սիթին» հյուրընկալվելիս «Ֆուլհեմի» դեմ խաղում մոտ էր 0-2 առավելությունը կորցնելուն, բայց Նավասն ու Միլները կարողացան էացնել թիմերի կարգերի տարբերությունը: Իսկ Թիմ Շերվուդը, ի տարբերություն Վիլաշ-Բոաշի, որոշեց հիմնական կազմում տեղ գտնել Ադեբայորի համար, ով իր 2 գոլերով 3 միավոր պարգևեց «Տոտենհեմին»՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում:

Արդյունքներ

Իսպանիա

Արդեն 55 վայրկյանին բաց թողած գոլը «ներքնակավորների» երկրպագուներին տխուր տոներ է խոստանում, այն կարող էր ավելի մոտ լինել, բայց Կուրտուան փրկում է մադրիդցիներին 0-2-ից: Իսկ հետո զարթնում է Դիեգո Կոստան, ով իր գոլային ցուցանիշներով մոտենում է Մեսսիի ամենաարդյունավետ շրջանին: «Լևանտեն» ամեն դեպքում հաղթահարված է, ինչը մինչ Բարսայի խաղը Սիմեոնեի թիմին թողնում է առաջատարի դիրքում:

Իսկ կատալոնցիները խաղալու էին «Կոլիզեում Ալֆոնսո Պերեսը», որտեղ նախորդ մրցաշրջաններում հաղթանակը Բարսայի համար նշանակում է չեմպիոնություն: Կատալոնիայի դրոշի գույներով անհաջողակ մարզաշապիկով «Խոտաֆեի» դեմ խաղի առաջին 20 րոպեները որոշիչ գործոն են շարունակում թվալ: Նախ՝ Ալվեսը կորցնում է դիրքը, Պինտոն մնում է դարպասային գծից կառչած, իսկ Մասչերանոն հերթական անգամ չի կողմնորոշվում՝ դիմավորե՞լ գնդակով խաղացողին, թե՞ փակել Մարիկային: 1-0, իսկ ընդամենը 4 րոպե հետո «Խոտաֆեն» օգտվում է Բարսայի ևս մեկ թույլ կողմից՝ ստանդարտ իրավիճակներից, 2-0, որը, ճիշտ է, գրանցվեց Սերխի Ռոբերտոյի նկատմամբ կանոնների խախտման պայմաններում, բայց ինչը ստիպում է, որպեսզի «կուլեները» նորից վերհիշեն Բալանտայի, Հյումելսի և նաև կենտրոնում ֆիզիկապես հզոր կիսապաշտպանի անհրաժեշտության մասին:

Բարսան սկսում է լավ խաղալ, երբ Սեսկը լքում է «9-ի» դիրքը, նահանջում ներքև, բայց Ուդիանո Մալյենկոն նախ խլում է Պեդրոյի մաքուր գոլը, իսկ հետո չի նշանակում 11-մետրանոց տան տերերի դարպասին: Բուսկետս — Սերխի Ռոբերտո – Ինյեստա – Սեսկ քառյակը սկսում է տիրել կենտրոնին և ինքնավստահությունը վերականգնած Պեդրոյի շնորհիվ ընդմիջման է գնում 2-3 հաշվով: Երկրորդ խաղակեսում նույն Պեդրոյի փոխանցումից հետո Սեսկը վճռում է հանդիպման ելքը, իսկ հետո կանարիացու վաստակած 11-մետրանոցից հաշիվը դարձնում է 2-5. Բարսան լավագույնն է «Պրիմերայում» նույնիսկ առանց Վալդեսի, Չավիի, Նեյմարի և Մեսսիի:

Տուրի կենտրոնական խաղը ևս՝ «Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ» խաղը, կայանում է որպես ֆուտբոլ, որտեղ վճռորոշ է դառնում Ռոնալդուի խաղից դուրս վիճակից խփած գոլը: Եթե չլինեին քմրցավարների «սխալները» հօգուտ մադրիդցիների, ապա Բարսան և «Ատլետիկոն» շատ ավելի միայնակ կզգային իրենց, իսկ Անչելոտին երևի թե գործազուրկ կլիներ:

Արդյունքներ

Իտալիա

Մինչ առաջատարների հերթական հաղթանակները, Յուվեն խնդիրներ ունեցավ միայն առաջին խաղակեսում, որից հետո կրկին որոշիչ եղան Պոգբան և Լյորենտեն, իսկ «Ռոման» հիմնական կազմ վերադարձած Տոտտի հետ կրկին մրցաշրջանի սկզբի թարմ տեսքը ուներ «Կատանիայի» դեմ խաղում, մեկ այլ առաջատար «Նապոլին» կորցրեց հերթական անմիտ միավորները «Կալյարիի» դեմ խաղում: Նեապոլիտանցիները, չնայած ունենալով «Սերիա Ա-ի» ամենաբալանսավորված կազմերից մեկը, հերթական անգամ խնդիրներ ունեցան գոլի հետ և թույլ տվեցին «Ֆիորենտինային» մոտենալ ՉԼ-ի գոտուն:

Իսկ «Դերբի դելլա Մադոնինան» սպասվածից ավելի ձանձրալի էր: Կակայի և Զանետտիի ձեռքսեղմումը, իհարկե, տպավորիչ էր և նոստալգիկ, բայց դա մինչ Պալասիոյի գոլը երևի թե ամենահիշվողն էր 2 ժամերի ընթացքում: «Միլանը» նյարդայնանում էր, բայց հիմնականում Զապատայի և Աբյատիի շնորհիվ կարողանոմ էր պահպանել ոչ-ոքին, մինչև որ նրանք էլ ոչինչ չկարողացան անել Պալասիոյի երևի թե կարիերայի ամենակարևոր գնդակին կրնկով դիպման դեմ: Այստեղ՝ Միլանում, շատ բան կփոխվի ամռանը, իսկ մինչ այդ «Ինտերը» ավելի մոտ է ՉԼ-ին, քան Ալեգրիի սաները, ովքեր միակն են իտալական թիմերից ներկայումս խաղում այնտեղ, բայց այսպիսի «Ատլետիկոյի» դեմ իրականում անելիք չունեն:

Արդյունքներ

Գերմանիա

Թվում էր, որ «Բավարիայի» բացակայության պայմաններում՝ մյունխենցիները զբաղված էին հերթական մրցաշրջանում արդեն հինգերորդ տիտղոսի նվաճմամբ, «Բայերն» ու «Բորուսիան» պետք է վստահ հաղթանակներ տանեն և մի փոքր կրճատեն առաջատարի հետ միավորների տարբերությունը: Բայց, ավաղ, երկու թիմերն էլ պարտություն կրեցին՝ հաստատելով, որ «Բունդեսլիգայում» Պեպի մենիշխանություն է և այն դժվար թե ավարտվի մոտակա տարիներին:

«Բորուսիան» Կլոպի հետ առաջին անգամ երեք անընդմեջ պարտություն կրեց սեփական հարկի տակ, ինչից հետո կտրուկ սկսեցին Կլոպի աշխատավայրի փոփոխման մասին խոսակցությունները դեպի Մանչեստեր: «Բորուսիայի» պաշտպանության խնդիրները միգուցե կլուծվեն Հյումելսի և հնարավոր նոր ձեռքբերումից հետո, իսկ առջևի գծի առաջատարները կստանան անհրաժեշտ հանգիստն ու երևի թե այլ տեսք կունենան հունվար – փետրվար ամիսներին: Իսկ մինչ այդ «Մյունխենգլադբախի Բորուսիան» շրջանցեց Մխիթարյանի թիմին և հայտնվեց երրորդ հորիզոնականում:

Արդյունքներ

Ֆրանսիա

Ֆրանսիայում միավորներ կորցրին երկու առաջատարներն էլ: «Մոնակոն» սեփական հարկի տակ անակնկալ պարտություն կրեց «Վալենսիենից», որտեղ Աբիդալը գրավեց սեփական դարպասը, իսկ Ֆալկաոն վրիպեց 11-մետրանոցից: ՉԼ-ի գոտում մնալու մասին դեռևս վաղ է անհանգստանալ, բայց Ռիբոլովլևը և Ռանյերին պետք է ավելի հանգիստ վերաբերվեն այսպիսի խաղերին և չակնկալեն միանգամից տիտղոսներ. «Սիթին» ամեն ինչ ավելի լավ կարող է բացատրել նրանց:

Իսկ ՊՍԺ-ն տուրի կենրոնական խաղում լուրջ դժվարություններ ունեցավ «Լիլի» դեմ, ովքեր հաղթանակի դեպքում թիմերի միջև միավորների տարբերությունը կարող էին հասցնել 2-ի:

Շարունակում է անկում ապրել նաև Միշել Տեր-Զաքարյանի «Նանտը», որը վերջին 6 խաղերում կրեց չորրորդ պարտությունն ու հայտնվեց յոթերորդ հորիզոնականում:

Արդյունքներ

Նախորդ հոդվածը‘Ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ճանաչե՛ք նրանց. Խայտառակ համաձայնագրերին կեղծիքով կողմ քվեարկած ՀՀԿ-ականների եւ ՕԵԿ-ականների ցանկը ‘